Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 26-ի երեկոյան շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից հետո, շարունակում է խորհրդակցությունների շարքը ներքաղաքական լարվածությունը թուլացնելու և լուծումներ գտնելու նպատակով:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ նախագահ Սարգսյանը հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի և ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանի հետ:
Հանդիպումները կրում են կառուցողական բնույթ: Հանրապետության նախագահը հույս ունի, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի գտնել փոխընդունելի լուծում:
Նախագահը ողջունում է Վեհափառ Հայրապետի հանդիպումը Նիկոլ Փաշինյանի հետ: Նա միաժամանակ քաջալերում է բոլոր քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների և անհատների ջանքերը, որոնք ուղղված են ստեղծված իրավիճակում տրամաբանական և ողջամիտ հանգուցալուծման հասնելուն: