ԱԺ ՀՀԿ խմբակցությունը հատուկ նիստ է հրավիրել, որտեղ պատգամավորները հանդիպել են վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի հետ: ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նախ հիշեցրել է Փաշինյանի մի շարք հայտարարություններ՝ ԵՏՄ-ում մնալու միակ հիմնավորումը շանտաժն է, ԵՏՄ-ն Հայաստանին ոչ մի օգուտ չի բերել, ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանը տարածքներ է կորցրել: Աշոտյանը Փաշինյանին ասել է, որ նրա մի շարք թիմակիցներ արևմտամետ են և հակառուսական դիրքորոշումներ են ներկայացրել:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հիմա կա նոր քաղաքական իրողություն, և ցանկացած պետական ու քաղաքական գործիչ պետք է հաշվի նստի իրողությունների հետ և դրա հիման վրա ծառայի ժողովրդին:
«Մեր շարժումը շարունակելու է մնալ հայամետ: Մենք պետք է զարգացնենք հարաբերությունները բոլոր գործընկերների հետ, սակայն ոչ մեկը մյուս հաշվին», - ասել է նա:
Աշոտյանը հիշեցրել է Փաշինյանի ևս մեկ հայտարարություն՝ «ապրիլյան պատերազմն Ադրբեջանին ԵՏՄ մտցնելու համար էր», այնուհետև արձանագրել է՝ այս դեպքում կարելի է ասել՝ Սերժը ճիշտ էր, Նիկոլը՝ սխալ: Աշոտյանը նշեց, որ Փաշինյանի պատասխաններն իր համար նույնպես համոզիչ չէին: