Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 2-ին նախատեսված էին հերթական նիստերը, սակայն նիստը չսկսվեց քվորում չլինելու պատճառով:
ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը հայտարարեց, որ գրանցվել է ընդամենը 27 պատգամավոր. «Քվորում չունենք: ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 51-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն գրանցումը շարունակվում է մինչեւ անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցվելը, բայց ոչ ավելի քան 4 ժամ: Նշված ժամկետում նիստի իրավազորությունը ապահովվելու դեպքում նախագահողը տեղեկացնում է նիստը սկսվելու մասին: Իսկ չապահովման դեպքում՝ նիստերը համարվում են չկայացած»,-հայտարարեց նա:
Վարման կարգով ձայն խնդրեց «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը եւ ասաց. «Երկրում աննախադեպ վիճակ է, «Ծառուկյան» խմբակցությունը հայտարարում է քաղաքական բոյկոտ եւ այս 4-օրյա աշխատանքներին չի մասնակցելու»:
Նշենք, որ այս նիստերի օրակարգում ընդգրկված է 12 հարց այդ թվում, Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունը, ՀՀ ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, Հաշտարարության մասին, Դատական դեպարտամենտում ծառայության մասին, Տեղական հանրաքվեի մասին օրինագծերը: Օրակարգում է նաեւ ՀՀ վերահսկիչ պալատի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը:
Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Սահմանադրական դատարանի թափուր տեղի համար առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը: