ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը ԱԺ արտահերթ նիստի ժամանակ անդրադարձավ ՎՊ-ի տարեկան հաշվետվությանը, նշելով, որ հաշվետվության արձանագրած բոլոր խնդիիրների մասով համապատասխան միջոցներ ձեռնարկվում են:
«Կարող ենք հավաստիացնել, որ ՎՊ-ի կողմից արձանագրված որևէ դեպք անհետևանք չի մնացել և չի մնա: Ներկայիս օրենսդրությամբ նման դեպքերի համար պատասխանատվությունը տնտեսական կամ քաղաքացիաիրավական բնույթ է կրում, այսինքն՝ գումարների վերականգնում, թերությունների շտկում, տուգանքներ։ Միգուցե այդ գործընթացներում ավելի մեծ կիրառում պետք է գտնի քրեական պատասխանատվության տարրը, որը նույնպես գործող օրենսդրության կատարելագործման հարց է »,-իր խոսքում նշեց Արմեն Գևորգյանը:
Նա նշեց, որ ՎՊ-ի կողմից բարձրացված խնդիրները միայն 2012-ին չէ, ըստ նրա, դրանք արմատացած են տասնամյակներով, բայց տարիների ընթացքում:
Ա․Գևորգյանի խոսքով՝ գործող օրենսդրությունը, թեև ամենակատարյալը չէ, բայց նվազագույնի են հասցնում ռիսկերը։ Փոխվարչապետը չհամաձայնեց այն տեսակետների հետ, որ բյուջեի կատարման ընթացքում տեղի են ունենում միջոցների լայնածավալ փոշիացում և բյուջետային հիմնական գործընթացները տեղի են ունենում մասշտաբային կոռուպցիոն դրսևորումներով։
ՀՀ փոխվարչապետը նշեց, որ քննարկման ձևաչափը գործադիրին հնարավորություն չի տալիս արձանագրված խնդիրներն ավելի մանրամասն ու հանգամանորեն ներկայացնելու, ինչը թույլ կտա ավելի օբյեկտիվ պատկերացումներ ձևավորելու:
«Հանրության համար այդպես էլ մի շարք հարցեր պարզաբանված չեն: Քննարկումներն ավելի արդյունավետ կլինեն եթե փոխվի ներկայիս ձևաչափը»,-ընդգծեց Արմեն Գևորգյանը: