Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած սիրո եւ համերաշխության հեղափոխությանը միացան նախկին քաղբանտարկյալներ, բոլոր նրանք, ովքեր ժամանակին հնարավոր բոլոր միջոցներով պայքարել են Սերժ Սարգսյանի ռեժիմի դեմ, ենթարկվել հետապնդումների եւ տուժել։
Նիկոլ Փաշինյանից առաջ, 2013թ․ նոյեմբերի 5-ին Երեւանի Ազատության հրապարակում իր մի խումբ համախոհների հետ «Արժեքների հեղափոխություն» իրականացնելու փորձ նախաձեռնած Շանթ Հարությունյանը ազատազրկվեց։ Նրա որդուն՝ Շահենին, անցած տարիների ընթացքում հաճախ կարելի է հանդիպել ընդդիմադիր հանրահավաքներում, պայքարի կիզակետերում։ Նա մասնակցում է նաեւ Նիկոլ Փաշինյանի ապրիլյան հեղափոխությանը։
Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հետաքրքիր է, թե ինչ է մտածում անազատության մեջ գտնվող Շանթ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի հեղափոխության մասին։ Չէ՞ որ, ժամանակին Շանթը եւ Նիկոլը միասին ճանապարհ են անցել, 2008թ․ մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների օրը եղել են Երեւանի Մյասնիկյանի արձանի մոտ, ժողովրդի կողքին։ Իսկ հետո նրանց մեղադրանք էր առաջադրվել, եւ նրանք ազատազրկվել էին հանրահայտ «Յոթի գործով»։
Շանթ Հարությունյանի նախկին կինը՝ Ռուզաննա Բադալյանը, մեզ հետ զրույցում ասում է, որ վերջին անգամ Շանթի հետ տեսակցել է ապրիլի 20-ին, գիտի, որ հետեւում է բոլոր իրադարձություններին, սակայն առայժմ կարծիք չի հայտնում այդ մասին։
Շանթ Հարությունյանի որդին՝ Շահենն էլ նշում է, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրն է հանդիպել հորը։
«Ես իր հետ երկարատեւ տեսակցության էի գնացել, դուրս եկա, իմացա, որ Սերժ Սարգսյանը հրաժարական է տվել»,- ասաց Շահենը։ Նա հիշեցնում է, որ երբ սկսվեց Նիկոլ Փաշինյանի շարժումը, ապրիլի 13-ին, ընդդեմ Սերժ Սարգսյանի վերարտադրության, հայրը 10 օրով հացադուլ էր հայտարարել։
Ինչ վերաբերում է շարժմանը, ապա Շանթ Հարությունյանը, ըստ նրա որդու, բնականաբար, կողմ է ցանկացած պայքարի եւ կարծում է, որ Հայաստանին անհրաժեշտ է հեղափոխություն։
«Ես հինգ տարի շարունակ պայքարում եմ Սերժ Սարգսյանի դեմ եւ, ի վերջո, կարողացա հասնել իմ պայքարի ցանկալի արդյունքին»,- ասաց Շահեն Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը ազատազրկվել է 2013թ․ նոյեմբերի 5-ին Երեւանի Ազատության հրապարակում «Արժեքների հեղափոխություն» իրականացնելու համար։ Նրան դատապարտել են վեց տարվա ազատազրկման։