Lragir.am-ը գրում է.
Կարեն Կարապետյանը նախօրեին վերջին խնդրանքն էր հղել կառավարության ղեկավարի կարգավիճակում, նախարարներին հորդորելով մինչեւ նոր կառավարության ձեւավորումը բարեխղճորեն կատարել պարտականությունները:
Մեկուկես տարի առաջ հանրային հուսադրող հայացքների ներքո վարչապետի պաշտոնին նշանակված Կարեն Կարապետյանը կառավարությունից հեռանում է տապալումով, ընդ որում ոչ թե տնտեսական կամ մենեջերական, այլ քաղաքական: Իսկ պատճառն էլ այն է, որ երբ անհրաժեշտ էր զբաղվել քաղաքականությամբ, Կարապետյանը չարեց դա, իսկ երբ արդեն քաղաքականությունն էր սկսել զբաղվել նրանով՝ սկսեց դիմադրել:
Իսկ դա անհույս է բոլորի, անգամ ոչ մի բանակցություն պարտված չլինելու մասին հպարտացող Կարեն Կարապետյանի համար:
Ի՞նչ է անելու Կարեն Կարապետյանն այժմ, նկատի ունենալով այն, որ նա ոչ միայն վարչապետ էր, պաշտոնակատար կամ առաջին փոխվարչապետ, այլ նախկինից հինգ րոպե պակաս իշխող կուսակցության նախագահի առաջին տեղակալ: Կարապետյանն այդպես էլ չիմաստավորեց կուսակցության մեջ երկրորդ մարդու այդ պաշտոնը: Ինչու՞ ստեղծեցին այն եւ ինչ են անելու դրա հետ հիմա:
Ապրիլի 25-ին, երբ Կարեն Կարապետյանը առավոտյան գրեթե բաց տեքստով հանդես եկավ Սերժ Սարգսյանից հետո վարչապետ դառնալու հավակնությամբ, երեկոյան Սերժ Սարգսյանը հրավիրեց խմբակցության նիստ եւ խոսեց խորհրդարանում գործունեության «տարբերվող ձեւաչափի» ու նաեւ կուսակցության ղեկավարության փոփոխության մասին:
Եղան այդ հայտարարության տարբեր «վերծանումներ», բայց ակնհայտ է, որ «տարբերվող ձեւաչափ» ասելով խոսքը թերեւս ոչ իշխող մեծամասնության կարգավիճակի մասին էր, այսինքն գործնականում այն մասին, ինչ սպասում է ՀՀԿ-ին մայիսի 8-ից հետո եւ ինչի մասին էլ մայիսի 3-ին Ազատություն ռադիոկայանի ռուսական ծառայությանը հայտնել էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ ՀՀԿ-ն կդառնա ընդդիմություն:
Այդուհանդերձ, մայիսի 1-ին ՀՀԿ-ն անսպասելի «պայքարեց» իշխանություն մնալու համար, եւ հենց դրանով անվերադարձ կորցրեց իշխանությունը:
Ի՞նչ էր տեղի ունեցել ՀՀԿ-ում ապրիլի 30-ի գիշերը, պարզ չէ: Պարզ չէ նաեւ, թե ինչ տեղի ունեցավ ՀՀԿ-ում մայիսի 2-ի երեկոյան, որ կուսակցությունը փոխեց մայիսի 1-ի որոշումը: Սակայն հատկանշական է, որ ապրիլի 27-ից ասպարեզից հեռացած Կարեն Կարապետյանը մայիսի 2-ին հանկարծ հայտարարություն արեց կոչով, թե պետք է վարչապետ ընտրել միայն ու միայն խորհրդարանում, փողոցում կամ հրապարակում վարչապետ չեն ընտրում:
Երեկոյան եղավ որոշումը, որ ՀՀԿ-ն կսատարի Նիկոլ Փաշինյանին: Ըստ մամուլի, խմբակցության նիստում այդ որոշումը կայացնելիս ԱԺ-ում նիստին մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը:
Չի բացառվում, որ վարչապետի պաշտոնի համար գրեթե մեկուկես տարի տեւող Սերժ Սարգսյան-Կարեն Կարապետյան դիմակայությունը՝ տեղ-տեղ բաց, տեղ-տեղ կուլիսներում, վերջին օրերին տեղափոխվել է արդեն կուսակցության համար պայքարի դաշտ:
Ու՞մ ձեռքին է լինելու «ընդդիմություն» դարձող ՀՀԿ ղեկը: Մյուս կողմից, ի՞նչ են անելու Սերժ Սարգսյանը կամ Կարեն Կարապետյանը ՀՀԿ ղեկը, հաշվի առնելով այն, որ կուսակցությունը հատկապես վերջին օրերի իրադարձությունների բերումով խիստ վարկաբեկված է եւ հազիվ թե տեսանելի ապագայում լինի քաղաքականապես մրցունակ:
ՀՀԿ-ն այդ պահը բաց թողեց մայիսի 1-ին:
Բայց, մյուս կողմից, իսկ գուցե ՀՀԿ ապագա կենսունակության «գաղտնիքը» լինի հենց մայիսի 1-ի բացահայտումը:
Խոշոր հաշվով, Հայաստանի ներքաղաքական եւ ընդհանրապես պետական զարգացման պատմության նոր տասնամյակի մեկնարկը հնարավոր է համարել 2018-ի Մայիսի 1-ը, որն իր շրջադարձայնությամբ կարող է համեմատվել 2008-ի Մարտի 1-ի հետ: Միայն շրջադարձայնությամբ, քանի որ մնացյալ առումով այն դրա հակապատկերն է՝ Մարտի 1-ին իշխանությունը պահվեց արյունով, Մայիսի 1-ին իշխանությունը փաստացի եւ վերջնականապես հանձնվեց անարյուն, դնելով Հայաստանի քաղաքական եւ պետական զարգացման նոր փուլի սկիզբ:
Այդ փուլում թերեւս դեռ կարող է առանցքային նշանակություն ունենալ այն, ինչ տեղի է ունեցել Մայիսի 1-ին:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am