Մայիսի 8-ին խորհրդարանում քվեարկության արդյունքը կարծես թե այլեւս կասկած չի առաջացնում, որ այս անգամ Նիկոլ Փաշինյանը կընտրվի վարչապետի պաշտոնում եւ որեւէ մեկի մտքով չի անցնի խաղալ Հայաստանի ճակատագրի եւ հանրության համբերության հետ:
Փաշինյանի վարչապետությունը ստեղծված իրավիճակում նվազագույնն է, որ պահանջվում է պետական շահի եւ անվտանգության համար: Կլինե՞ն պահանջվող արդեն հաջորդ, առավել երկարաժամկետ, առավել խորքային, առավել դժվար ու ծանր քայլերը, դա հարց է, որ աստիճանաբար դառնում է գերակա, օբյեկտիվորեն եւ անհրաժեշտաբար:
Այդ հարցի հնարավոր պատասխանները անշուշտ տարբեր են, բազմաթիվ եթեներով եւ ապաներով: Այստեղ առանցքային դիտարկումների շարքում է այն, որ Նիկոլ Փաշինյանը լինելու է վարչապետ, որը չունի խորհրդարանի մեծամասնություն:
Հարցն այստեղ բաց է ամենատարբեր դասավորումների սցենարներով, բայց բոլոր դեպքերում ակնհայտ է, որ իրավիճակը արտառոց է: Մյուս կողմից, ամբողջ խնդիրը հենց այն է, որ Հայաստանում էլ զարգացումներն արտառոց են՝ հեղափոխական, ըստ այդմ խորհրդարանում իրավիճակը չի կարող չլինել արտառոց: Ավելին, հենց արտառոց իրավիճակն է, որ Հայաստանը պետք է դուրս բերի քաղաքական լճացած իրավիճակից, որում հայտնվել էր 1995-96-ից ընտրական մեխանիզմի հետեւողական կեղծման ու խեղման հետեւանքով եւ վերջին տարիներին էլ իշխող ՀՀԿ-ի իրար հաջորդող բացարձակ «հաղթանակների» պատճառով:
Այդ լճացումից հնարավոր է դուրս գալ միայն արտառոց իրավիճակի շնորհիվ:
Մյուս կողմից, այստեղ իհարկե առկա են նաեւ պարզ հարցեր, թե ինչպես է կառավարման խորհրդարանական մոդելի պայմաններում մեծամասնություն չունեցող վարչապետը աշխատելու առանց այդ մեծամասնության: Կամ, եթե կա մեծամասնություն, բայց այն անխուսափելի կարող է լինել կոալիցիոն, ինչը նշանակում է վարչապետի վրա քաղաքական այլ ուժերի բազմաշերտ ազդեցության եւ ճնշման իրողություն:
Այդ ամենը սակայն հարցադրումներ են, որոնց վերաբերյալ իրավիճակը առավել պարզ կլինի այն դեպքում, երբ արձանագրվի գլխավորը՝ Նիկոլ Փաշինյանն ունի մեծամասնություն եւ նա ամենեւին չի լինելու «փոքրամասնության վարչապետ», ինչպես խոսում են անգամ նրա քաղաքական գործընկերներից ոմանք:
Պարզապես, Նիկոլ Փաշինյանի մեծամասնությունը խորհրդարանում չէ, այլ Հայաստանի հանրապետության ամբողջ տարածքում, մեկ հայտարարությամբ փակվող եւ բացվող տասնյակ ու հարյուրավոր փողոցներում եւ հրապարակներում, տասնյակ քաղաքներում եւ գյուղերում:
Նիկոլ Փաշինյանի մեծամասնությունը խորհրդարանում չէ, այլ Հայաստանի հանրապետությունում: Եվ տվյալ պահին խոսքը արդեն ոչ թե «փոքրամասնության վարչապետի», այլ «փոքրամասնության խորհրդարանի» մասին է: Իրականում, քաղաքական իրավիճակի ներկայիս տրամաբանության պայմաններում, ոչ թե վարչապետը ունի մեծամասնության խնդիր, այլ մեծամասնության խնդիր ունի խորհրդարանը:
Այստեղ է վիճակի արտառոցությունը, եւ խորհրդարանն է կանգնած այդ վիճակին համարժեք վարքագծի անհրաժեշտության առաջ:
Ընդ որում, այստեղ լուծումը ոչ թե միմյանց մեջ պայմանավորվելն է, այլ պայմանավորվելը հանրության հետ: Այլ լուծում չկա, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը կշարունակի հասարակության հետ բաց ու համաքայլ աշխատանքը՝ արդեն վարչապետի պաշտոնում:
Նիկոլի նոր մեծամասնությունը. արտառոց իրավիճակ
