ԱԺ-ում դեռ շարունակում են քննարկել ՎՊ-ի հաշվետվությունը:
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը դիմելով ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանին, ասաց, որ եթե ընդունեին ՎՊ-ի հաշվետվությունը, ապա պետք է կառավարությունը հրաժարական տար, իսկ եթե չեն ընդունում, ըստ նրա, ապա նշանակում է , որ կառավարությունը շարունակելու է նույն տեմպով, նույն թափով փոշիացումը:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ, եթե փոխվարչապետը չի ընդունում այդքան մեծ չափով պետական բյուջեի փոշիացումը, ապա դա նշանակում է, որ նա հերքում է նաև Սերժ Սարգսյանի կողմից հայտարարված խիստ նկատողությունները:
«Այն, որ դուք հերքում եք վերահսկիչ պալատին, դրանով հարցը չի փակվում, որովհետև Սերժ Սարգսյանը 2012 թ կառավարությունում ունեցել է խորհրդակցություն և ասել է այդ նույն բաները շատ ավելի կոպիտ, քան ասում է Իշխան Զաքարյանը և ըստ էության նույն ժամանակահատվածի վերաբերյալ, եթե հերքում եք վերահսկիչ պալատին, պետք է հերքեք նաև Սերժ Սարգսյանին: Այդ ինչպես եղավ, որ Սերժ Սարգսյանը կառավարության գործունեությունը, չարաշահումները գնահատել է խիստ բացասական և հանկարծ այդ նույն կառավարությունը շարունակում է պաշտոնավարել:Սերժ Սարգոսյանն ասել էր, որ պետք է «գլխից բռնել, իսկ հիմա դուք ասում եք, որ Վայոց Ձորի գյուղատնտեսության վարչության պետին բռնել են, այսինքն նա՞ էր այդ մեծը»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:
«Մենք այսօր ոչ թե քաղաքական քննարկումներ ենք անում, այլ ՎՊ-ի հաշվետվություն ենք քննարկում: Ես իմ ելույթում որևէ հերքում վերահսկիչ պալատի հաշվետվությանը չեմ ներկայացրել, ես ընդամենը ներկայացրել եմ այն դրվագները, որոնք արտացոլված են ՎՊ-ի հաշվետվությունում», - այսպես պատասխանեց Արմեն Գևորգյանը:
Նիկոլ Փաշինյանին չբավարարեց հարցի պատասխանը և նորից կրկնեց այն, ասելով. «Չպատասխանեցիք իմ այն հարցին, թե ի՞նչ եք արել ՍԵրժ Սարգսյանի ուղղակի հանձնարարակաների շրջանակներում, որ պետք է բռնեք խոշորների գլխից»:
«ՀՀ նախագահի կողմից ասված նկատողությունների վերաբերյալ, ՀՀ վարչապետը ժամանակին իր սպառիչ պատասխանները տվել է», - այսպես պատասխանեց ՀՀ փոխվարչապետը: