«ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՑՅԱԼԸ, ՆԵՐԿԱՆ ՈՒ ԱՊԱԳԱՆ»

3-րդ միջազգային երիտասարդական գիտաժողով

Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) նախաձեռնությամբ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ու Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի աջակցությամբ 2018 թվականի սեպտեմբերի 13-16-ը Ստեփանակերտում տեղի կունենա «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» խորագրով 3-րդ միջազգային երիտասարդական գիտաժողովը:

Գիտաժողովին կարող են մասնակցել Արցախի, Հայաստանի և արտասահմանյան բուհերի ու գիտահետազոտական կենտրոնների ասպիրանտները, երիտասարդ գիտնականներն ու մասնագետները (մասնակիցը պետք է լինի մինչև 35 տարեկան, բացառությամբ Կազմակերպության կողմից հրավիրյալ գիտնականների):

Գիտաժողովի ոլորտները՝ հասարակական գիտություններ (իրավագիտություն, քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, պատմություն, տնտեսագիտություն, հոգեբանություն, լրագրություն և այլն):

Մասնակցության համար անհրաժեշտ է մինչև 2018թ. հուլիսի 31-ը լրացնել մասնակցության հայտը և ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին: Հայտի հետ միաժամանակ պետք է ուղարկել նաև`

զեկույցը,
գիտական ղեկավարի կարծիքը կամ համապատասխան ամբիոնի երաշխավորագիրը (սկան տարբերակով, միայն գիտական աստիճան չունեցողների համար):
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն:

Զեկույցը պետք է համապատասխանի գիտաժողովի խորագրին:

Գիտաժողովի լավագույն աշխատանքները հրատարակվելու են ՀՀ ԲՈՀ-ի պահանջներին համապատասխանող առանձին նյութերի ժողովածուի տեսքով:

Աշխատանքներին ներկայացվող պահանջներն են.

Զեկույցի համակարգչային շարվածքը՝ Word 97-2003 ծրագիր:

Ծավալը՝ 4-7 էջ:

Էջի ֆորմատը՝ A5 (148*210 մմ), լուսանցքները. ձախից, վերևից, աջից և ձախից՝ 18 մմ:

Տեքստի տառատեսակը՝ հայերեն՝ Arial AMU (տառատեսակը կարող եք բեռնել այստեղից), ռուսերեն և անգլերեն՝ Times New Roman:

Առաջին էջի վերին տողում (մեջտեղում) 11 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 10 pt տառաչափով տրվում են հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է բուհը կամ գիտահետազոտական կենտրոնը, ֆակուլտետը, կարգավիճակը (ասպիրանտ, գիտությունների թեկնածու, դասախոս): Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով տրվում է հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն: Մեկ տող ներքև տողի աջ կողմում 9 pt տառաչափով, շեղատառ (Italic) տրվում է գիտական ղեկավարի գիտական աստիճանը, կոչումը, անուն, ազգանունը: Մեկ տող բաց թողնելով անհրաժեշտ է ներկայացնել աշխատանքի հիմնական տեքստը: Հիմնական տեքստի տառաչափը՝ 10 pt, տողերի հեռավորությունը՝ 1: Տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմերից (Alignment: Justify): Պարբերությունները սկսել 1 սմ խորքից՝ TAB-ի կիրառմամբ:

Հղումները պարտադիր են. տրվում են տողատակում՝ 8 pt տառաչափով, տողերի հեռավորությունը՝ 1: Հղման տեքստը պետք է հավասարեցված լինի երկու կողմից (Alignment: Justify): Հղման մեջ պետք է ներկայացված լինեն օգտագործված աշխատանքի հեղինակի ազգանունը և անվան առաջին տառը (թավ տառերով՝ Bold), այնուհետև՝ աշխատանքի վերնագիրը, հրատարակման վայրը, թվականը, օգտագործած գրականության էջը:

Հայերեն, ռուսերեն և անգլերեն ամփոփագրերը պարտադիր են: Հոդվածի հիմնական տեքստից մեկ տող հետո տողի մեջտեղում 10 pt տառաչափով, գլխատառերով, թավ (Bold) գրվում է հոդվածի վերնագիրը: Մեկ տող հետո 10 pt տառաչափով տրվում է հեղինակ(ներ)ի Անուն Ազգանուն(ներ)ը: Մեկ տող ներքև գրվում է «բանալի բառեր» և նշվում են 4-6 բանալի բառեր: Մեկ տող ներքև 60-80 բառի սահմաններում համառոտ ներկայացվում է զեկույցի ամփոփագիրը (հիմնական էությունը, նպատակը, խնդիրները, արդյունքները):

Անցնելով այս հղմամբ` կարող եք ծանոթանալ զեկույցի ձևավորման օրինակի:

Նշված չափորոշիչներին չհամապատասխանող զեկույցները չեն քննարկվելու:

Գիտաժողովի կազմկոմիտեի նախագահ՝
«Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ հիմնադիր նախագահ, Արցախի պետական և Մեսրոպ Մաշտոց համալսարանների դասախոս,
ի.գ.թ., դոցենտ Ավետիք Համլետի Հարությունյան

Հեռ. (+374) 97277770, էլ. փոստ. [email protected]: