Երկօրյա աշխատանքային այցով Բելոռուսի հանրապետություն է մեկնել ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ մասնակցելու ԵՏՄ անդամ երկրների մրցակցային մարմինների ղեկավարների համատեղ նիստին:

ՏՄՊՊՀ-ից հայտնում են, որ որպես ԱՊՀ մասնակից պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նախագահ, Արտակ Շաբոյանը հանդես է եկել ընդարձակ ելույթով՝ ներկայացնելով օրակարգում ընդգրկված հարցերի վերաբերյալ Հանձնաժողովի կողմից իրականացված աշխատանքները, հաջողված փորձը, ինչպես նաեւ անդրադարձել է մեր երկրի տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում տեղի ունեցած օրենսդրական բարեփոխումներին:

Մասնավորապես, Ա. Շաբոյանը նշել է, որ իրականացվել են իսկապես էական փոփոխություններ. «Մի կողմից մրցակցության օրենսդրությունը համապատասխանեցվել է նոր Սահմանադրության պահանջներին, մյուս կողմից հաշվի է առնվել Եվրասիական տնտեսական միության, ինչպես նաեւ Եվրոպական միության մրցակցության կանոններն ու սկզբունքները»: ՀՀ Մրցակցային մարմնի ղեկավարը նշել է նաեւ, որ նոր օրենսդրությամբ հաշվի են առնվել նաեւ միջազգային հեղինակավոր փորձագետների գնահատականներն ու առաջարկները, ինչպես նաեւ Հանձնաժողովի իրավակիրառ պրակտիկայի արդյունքում ի հայտ եկած խնդիրներն ու բացերը:

Ա. Շաբոյանի խոսքով, նոր օրենսդրությամբ բարձրացվել է ՀՀ Մրցակցային մարմնի կարգավիճակը եւ օրենքում հստակ ամրագրվել է, որ Հանձնաժողովը հանդիսանում է անկախ ինքնավար մարմին. «Ընդհանուր առմամբ ընդլայնվել է Հանձնաժողովի գործիքակազմը, ավելացել են նոր մեխանիզմներ եւ լիազորություններ, որոնք հնարավորություն կտան հակամրցակցային համաձայնությունները բացահայտել առավել արդյունավետ»,-նշել է Ա. Շաբոյանը:

Մեր երկրի տնտեսական մրցակցության ոլորտում իրականացված բարեփոխումները արժանացել են նաեւ գործընկեր կառույցների ղեկավարների հավանությանը, որոնք վստահություն են հայտնել, որ նոր փոփոխությունները մեծ չափով կնպաստեն ՀՀ Մրցակցային մարմնի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը եւ Հայաստանում մրցակցային պայմանների առավել բարելավմանը:

Այցի շրջանակներում ստորագրվել է նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հաձնաժողովի եւ Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման եւ առեւտրի նախարարության միջեւ մրցակցային քաղաքականության ոլորտում փոխըմբռնման հուշագիր, որով նախանշվել են այն հիմնական ուղղությունները, որոնք առաջիկա տարիներին երկու երկրների մրցակցային ոլորտում նոր համագործակցության հիմք են հանդիսանալու: