Արցախի նախագահի հետ հանդիպման ժամանակ բարձրացրած բոլոր խնդիրները մանրակրկիտ ուսումնասիրվում են: Այս մասին հայտարարել է Արցախի Հանրապետության պետնախարար Արայիկ Հարությունյանը` ելույթ ունենալով Ստեփանակերտի ավտոկայանի դիմաց առավոտվանից մեկնարկած հանրահավաքի մասնակիցների մոտ:

«Ուզում եմ վստահեցնել, որ նախագահի հետ հանդիպման ժամանակ բարձրացրած բոլոր խնդիրները մանրակրկիտ ուսումնասիրվում են: Եթե կան օբյեկտիվ կամ սուբյեկտիվ խնդիրներ, պետք է լուծենք միասին: Մենք քույր ու եղբայրներ ենք: Կոչ եմ անում, որպեսզի ընթացքում հանրային վերահսկման մեխանիզմներն ուժեղացնենք՝ հասարակական կազմակերպությունների տեսքով կլինի, ամենօրյա շփումների տեսքով կլինի, իսկ ես խոստանում եմ, որ ավելի հաճախ հանդիպումներ եմ ունենալու և այսպես ակտիվացնենք մեր հարաբերությունները և զարգացնենք մեր երկիրը: Ես ուզում եմ ձեզ բոլորիդ կոչ անել առաջին հերթին հանգստություն, եւ ուզում եմ չմտածեք, որ մեր երկրում հնարավոր է «չուզոյ» կամ «սվոյ», պետականամետ կամ հակառակը, որովհետեւ րոպեններ կամ ժամեր հետո մենք պարտավոր ենք լինել մի հարթակում, եւ մի ուղղությամբ, գիտեք` դա որն է», – ասել է պետնախարարը:

Միջադեպից հետո քաղաքացիները բողոքի ակցիաներ են սկսել: Նրանք արդեն երրորդ օրն է՝ փակ են պահում Ստեփանակերտի կենտրոնական պողոտան և պահանջում ուժային կառույցների ղեկավարների հրաժարականները: