«Ես մի պահ գայթակղվեցի, և ուզում էի Նիկոլ Փաշինյանին պատասխանել, բայց հետո մտածեցի, որ մաղձին պատասխանելն անիմաստ է»,- այսպես սկսեց իր ելույթը ՀՀԿ խմբակցության անունից Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը։
Նա հորդորեց պատգամավորին Աժ ամբիոնը չօգտագործել հասարակությանը թյուրիմացության մեջ գցելու համար։
Անդրադառնալով ՎՊ զեկույցին՝ Հ․Աբրահամյանը դրական գնահատեց այդ փաստաթղթի շուրջ քննարկումները՝ նշելով, որ դրանք տեղավորվում են ժողովրդավարության շրջանակներում, քանի որ իշխանությունն է խոսում իր բացթողումների ու շահարկումների մասին։ «Միայն ուժեղ իշխանությունը կարող է այդկերպ վարվել։ Մեր նպատակը որևէ մեկի վրա անհիմն ցեխ շպրտելը չէ, այլ չարաշահումների բացառումն է»,- ընդգծեց Աժ նախագահը։
Նա հայտարարեց, որ իր զարմանքը որոշ մարդկանց զարմացնում է, թե ինչու է ինքը զարմանում։ «ՀՀ նախագահը պայմանավորվածություն չունի որևէ նախարարի, մարզպետի հետ, որ պիտի պաշտոնի գան ու չաշահումներով զբաղվեն։ Դրա համար ենք ասում, որ պիտի պատասխանատվության ենթարկվեն»,- ասաց Հ․Աբրահամյանը։
Վերջինս նշեց, որ պետք է որևէ ձևաչափ մտածել, որ այս պատասխանատու ամբիոնից հնչեն հիմնավոր մեղադրանքներ։ Նա առաջարկեց ՎՊ հաշվետվությունը քննարկել համապատասխան հանձնաժողվներում գործադիրի համապատասպան կառույցների մասնակցությամբ, ինչպես նաև ՎՊ հաշվետվության քննարկումներին մասնակցեն ՎՊ-ն, կառավարությունը և գլխավոր դատախազությունը։ Հ․Աբրահամյանն ընդգծեց, որ չարաշահումներն արմատախիլ անելու բանալին ՎՊ-կառավարություն-դատախազություն-Աժ համագործակցությունն է ու իրենց հետևողականությունը։
Աժ նախագահն առաջարկեց կառավարությանը շինարարական և գնումների ոլորտի նորմատիվները ժամանակակից պահանջներին համապատասխանեցնել։ Նա առաջարկեց նաև ՎՊ-ին, կառավարությանը, ԱԺ հանձնաժողվներին՝ ԱԺ ներկայացնել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որը կնպաստի չարաշահումների բացառմանը։
Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ եթե Աժ-ն հաստատի, այլ ոչ թե ի գիտություն ընդունի ՎՊ հաշվետվությունը, ապա ՎՊ-ն կդադարի անկախ կառույց լինելուց և ՎՊ-ն կվերածվի Աժ կցորդի։
«Մենք անկեղծ ենք մեր գնահատականների մեջ։ Մեզ համար անընդունելի է, որ ՎՊ-ն փաստեր ներկայացնի, իսկ Աժ-ն լռի։ Ես առաջարկում եմ այս փաստաթուղթն ուղարկել դատախազություն՝ վերջինիս առաջարկելով այդ գործընթացների մասին պարբերաբար տեղյակ պահել Աժ-ին և կառավարությանը։ Մենք պիտի ամեն ինչ անենք, որ մեր երկրում չարաշահումներ չլինեն։ Մենք պատասխանատու ենք մեր գործողությունների համար և շատ լավ գիտակցում ենք, դրա համար մեծամասնություն ենք»,- եզրափակեց Աժ նախագահը։