1in.am-ը գրում է.
Հանրային համերաշխության և բռնությունից զերծ հարաբերությունների հաստատման տեսակետից չափազանց կարևոր եմ համարում, որ բանտերում չլինեն մարդիկ, ովքեր կարող են համարվել քաղբանտարկյալ: Բայց և ուզում եմ ընդգծել, որ այս պրոցեսը պետք է հիմնվի շատ հստակ արձանագրման վրա, որ Հայաստանում ուժի, զենքի գործադրմամբ քաղաքական հարցերի լուծման էջը փակված է, և վերադարձ այդ ժամանակներին չի լինելու. սա հատված է Նիկոլ Փաշինյանի ծրագրային ելույթից, որը նախօրեին հնչել է Հայաստանի խորհրդարանում:
Վարչապետի այս ելույթն ազդակ դարձավ, որ անցած մի քանի օրերին ազատ արձակվեն «Սասնա ծռեր» խմբի հինգ անդամներ, և անկասկած գործընթացն առաջիկայում շարունակություն կունենա, եթե նույնիսկ խմբի ոչ բոլոր անդամները հայտնվեն ազատության մեջ (երեք ոստիկանների սպանության բոլոր հանգամանքները համապարփակ բացահայտման անհրաժեշտություն ունեն):
«Ծռերի» հարցում Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը միանշանակ արձագանք չունի նույնիսկ հեղափոխության ակտիվ կողմնակիցների շրջանում: Ոմանք կարծում են, որ իշխանություններն այս քայլով լեգիտիմացնում են քաղաքական բռնությունն ու ահաբեկչությունը` հետագայի համար ստեղծելով վտանգավոր նախադեպ:
Այս կարծիքն ամբողջովին հիմնազուրկ չէ. եթե, օրինակ, 1998-ի իշխանափոխությունից հետո ազատ չարձակվեին Վազգեն Սարգսյանին սպանելու մտադրություն ունեցող դաշնակցական գործիչները, գուցե այլ նախկին դաշնակցականների մեջ խեղդվեր արյան ծարավը, և նրանք մեկ տարի հետո չգնային աննախադեպ ոճիրի կատարմանը, ինչի հետևանքով Վազգեն Սարգսյանն, ի վերջո, ահաբեկչության զոհ դարձավ:
Նիկոլ Փաշինյանն ըստ էության գնացել է աննախադեպ հումանիստական քայլի՝ քաղաքական համերաշխության ակտով տալով «Սասնա ծռերի» ազատ արձակման գործընթացի մեկնարկը: Փաշինյանն իր գործողությունը մոտիվացնում է այն հանգամանքով, որ բռնության հիմնական աղբյուրը եղել է նախկին իշխանությունը՝ անուղղակիորեն մեղմելով զինված խմբի գործողությունների հետևանքը: Այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը ռիսկային քայլի է դիմել՝ պատասխանատվություն ստանձնելով մի խմբի համար, որի վարքագիծը, մեղմ ասած, կանխատեսելի չէ:
Քաղաքական տոլերանտության այս աննախադեպ քայլը պետք է համապատասխան արձագանքի արժանանա Ժիրայր Սեֆիլանի և նրա կողմնակիցների կողմից:
«Սասնա ծռերն», իհարկե, հանդես եկավ հրապարակային կոլեկտիվ հայտարարությամբ, որտեղ փակված համարեց զինված ապստամբության էջը: Սակայն այս՝ միանգամայն ռացիոնալ հայտարարության քաղաքական նշանակությունը խամրում է, երբ ազատ արձակվող «ծռերից» յուրաքանչյուրն իր պարտքն է համարում հայտարարել, թե չի փոշմանել, պայքարը ավարտված չէ և նման այլ ձևակերպումներ: Նման հայտարարությունները, եթե նույնիսկ հատուկ ենթատեքստ չունեն, թիկունքից հարված են Նիկոլ Փաշինյանին՝ առնվազն այն իմաստով, որ նա փաստորեն հանդուրժողականություն է ցուցաբերել մարդկանց նկատմամբ, որոնք չեն ափսոսում մարդկային զոհերի պատճառ դարձած գործողությունների համար:
Ժիրայր Սեֆիլանի խումբն անշուշտ Հայաստանում գործունեություն ծավալելու իրավունք ունի, սակայն զինված ապստամբությունից հրաժարվելու հայտարարությունը պետք է կիրառական դրսևորում ունենա: Ռացիոնալ կլինի, եթե Սեֆիլյանի կողմնակիցները հրաժարվեն կազմակերպչական այն կառույցներից, նույնիսկ անվանումներից, որոնք հասարակության զգալի մասի մոտ նույնանում են քաղաքական բռնությունների հետ: Եթե Սեֆիլյանն ու նրա կողմնակիցները ցանկանում են զբաղվել քաղաքականությամբ, ապա դրա դասական գործիքը կուսակցությունն է, մանավանդ՝ առջևում խորհրդարանական ընտրություններ են:
Քաղաքական կազմակերպման այս ձևը ցանկացած խմբի գործունեություն ավելի հրապարակային և ինստիտուցիոնալ է դարձնում՝ հասարակությանն ընձեռելով վերահսկելու և ընտրությունների միջոցով վերաբերմունք արտահայտելու հնարավորություն:
Նյութի աղբյուրը՝ 1in.am