Պատգամավոր Արթուր Գեւորգյանը, որ ՀՀԿ խմբակցությունից եւ կուսակցությունից հեռացած առաջին պատգամավորն էր եւ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան, լրագրողների հետ զրույցում ասել է, որ նախկինում էլ եղել են բացահայտումներ, սակայն չեն բարձրաձայնվել, քանի որ «ներքին կարգով» եղել է չտարածվելու, ամեն ինչ փակ պահելու հրահանգ:

Արթուր Գեւորգյանի հայտարարությունն ուշագրավ է ոչ այն պատճառով, որ նա փաստորեն խոսում է նախկինում եղածի ու այն պարտակելու հրահանգի մասին: Ի վերջո, հազիվ թե Հայաստանի քաղաքացիները միամտություն ունենային կարծելու, որ Հայաստանում մասշտաբային գանձագողությունն ու կոռուպցիան աննկատ են եղել իրավապահ համակարգի համար: Միաժամանակ գաղտնիք չէ նաեւ, որ իրավապահ համակարգը չի բարձրաձայնել, որովհետեւ չի եղել քաղաքական իշխանության կամք: Իրավապահ համակարգը չի կատարել իր հիմնական եւ ամբողջական գործառույթը՝ ապահովել օրենքի գերակայություն ամենուր, անկախ որեւէ մեկի սոցիալական կարգավիճակից եւ քաղաքական համաձայնությունների շրջանակից: