Նախիջևանի հատվածում իրավիճակը համեմատաբար հանգիստ է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Վերջին միջադեպից հետո կրակոցներ եղել են, սակայն ներկայում համեմատաբար իրավիճակը հանգիստ է»,-ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Ավելի վաղ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ադրբեջանական ԶՈւ-երը նախիջևանյան ուղղությամբ որոշ տեղամասերում փորձել են դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել, ինչին ի պատասխան ՀՀ ԶՈւ-երը պատասխան կրակ են բացել և թույլ չեն տվել հակառակորդին կատարել իր խնդիրը: Հայկական կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել է հակառակորդի դիրքերից մեկը: Փոխհրաձգության ընթացքում թեթև (աննշան) վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ-երի պայմանագրային զինծառայող, 1974 թ. Վահագն Սամվելի Բաղդասարյանը: