«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Լուսանկարում պատկերվածը ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ Ռոմա Մկրտումյանի մեղմ ասած, տունն է: Այս դղյակը գտնվոմ Արեշի 5-րդ փողոցի վրա՝ այսպես կոչված «45-ի ԱՏՍ»-ի դեմ դիմաց: Թե ում անունով է գրանցված դղյակը, մեզ չհաջողվեց պարզել:
ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը մեր այդ հարցին չի պատասխանել, քանի որ ՀՀ օրենսդրությունը թույլ չի տալիս մարդկանց անձնական ունեցվածքի մասին տվյալներ հրապարակել: Նա չի պատասխանել նաև, թե ում անունով են գրանցված նույն Ռոմա Մկրտումյանի և նրա ընտանիքի անդամների կողմից շահագործվող մի շարք թանկարժեք մեքենաները: Խոսքը մասնավորապես 05QQ005 պետհամարանիշով «Մերսեդես G550»- ի, 05VV005 պետհամարանիշով «Բենթլիի», 91ՍՈ111 պետհամարանիշով «Պորշի», 005DD05 պետհամարանիշով «Ռենջ Ռովերի», 14RR014 պետհամարանիշով «Տոյոտա Պրադոյի» մասին է:
ՀՀ օրենսդրությունն իրոք թույլ չի տալիս մարդկանց անձնական ունեցվածքի մասին տվյալներ հրապարակել: Ու ինչպես նկատեցիք, ոստիկանությունն այս դեպքում չի շեղվում օիենքից: Եվ ՀՀ օրենսդրության սահմաններում ՀՀ քաղաքացին չի կարող իմանալ, թե ախր այդ ինչպե՞ս է ՀՀ բարձրաստիճան ոստիկանի տիրապետության տակ հայտնվում «Բենթլի», «Պորշ», «Ռենջ Ռովեր»…: Որտեղից է մի քանի հարյուր հազար դրամ աշխատավարձ ստացող ոստիկանը մի քանի հարյուր հազար դոլարանոց տուն ձեռք բերում:
Բացառված չէ, որ հետագայում պարզվի, որ այս տունն էլ, ինչպես Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Ձաքարյանի պալատը, օտարերկրյա ներդրում է: Կամ էլ ասենք՝ Ռոմա Մկրտումյանը ինչ֊որ սերմ է ճարել, ցանել է և նման դղյակ է աճել»: