Այսօր՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչի օրը, ֆուտբոլային իսկական հրավառություն էր: Մարդիկ ֆուտբոլային կրքերով էին տարված աշխարհի տարբեր ծայրերում: Իրենց նախընտրած հավաքականներին էին երկրպագում հայ ու օտարերկրացի հայտնիներն ու աստղերը:
Հումորիստ ու շոումեն Գարիկ Մարտիրոսյանն, օրինակ, երկրպագում էր Ֆրանսիայի հավաքականին: Իր Instagram-յան էջում խաղից անմիջապես հետո Գարիկը գրել է. «Շնորհավորում եմ Ֆրանսիայի հավաքականին. աշխարհի ամենահիասքանչ առաջնության արժանի չեմպիոննե՛ր: Շնորհակալություն Ռուսաստանին հրաշալի խաղերի համար: Ֆրանսիացինե՛ր, կեցցե՛ք»:
Մինչ Գարիկը երկրպագում էր Ֆրանսիայի հավաքականին, նրա կինը՝ Ժաննա Լեւինան, հավատում էր Խորվաթիայի հավաքականի հաղթանակին: Իր Instagram-յան միկրոբլոգի story հավելվածում տեղադրած լուսանկարով նա շնորհակալություն է հայտնել հիանալի եզրափակչի համար: Նշել է, որ Խորվաթիայի հաղթանակին էր սպասում, սակայն ֆրանսիացիները գեղեցիկ խաղ ցույց տվեցին:
Մինչ հանդիպման մեկնարկը, նա լուսանկար էր տեղադրել, որում հումորով ասել էր, որ չգիտի, թե ով է հաղթելու, բայց խորվաթների համար գավաթն արդեն վերցրել է:
Այսօր «հակառակորդ» ճամբարներում էին հաղորդավարուհի Թինա Կանդելակին ու երգիչ Ֆիլիպ Կիրկորովը:
Թինան իր Instagram-յան էջում տեսանյութ է հրապարակել , որը մեկնաբանել է այսպես. «Այսօր մենք թշնամիներ ենք»:
Եվ՛ Թինան, եւ՛ Կիրկորովը հետեւել են խաղին հենց մարզադաշտից: Թինան Ֆրանսիային էր երկրպագում, իսկ Կիրկորովը՝ Խորվաթիային:
«Comedy Club»-ի անդամ Գարիկ Խարլամովը Instagram-ում Ֆրանսիայի դրոշի լուսանկարն է հրապարակել ու շնորհավորել է հաղթողներին՝ նշելով. «Շնորհավոր Ֆրանսիայի հավաքականի երկրորդ աստղը: Աշխարհի առաջնության երկակի չեմպիոն լինելը հրաշալի է: Հուսով եմ, որ մի օր էլ Ռուսաստանը կդառնա հաղթող»:
Հայ աստղերի շարքում, թերեւս, ամենահայտնի ֆուտբոլասերներից է Նազենի Հովհաննիսյանը: Խաղից րոպեներ առաջ նա իր Instagram-յան միկրոբլոգում հրապարակել է լուսանկարներ, որոնցում պատկերված է ֆուտբոլի լեգենդների հետ:
Նազենին մեկնաբանել է հրապարակումը՝ գրելով, «Երանի Ֆրանսիան հաղթի այսօր։ Ըստ ձե՞զ: Այս լեգենդների միջեւ ես լրիվ թզուկ եմ»:
Ֆրանսիայի հավաքականի հաղթանակի կողքով անտարբեր չի անցել նաեւ երգչուհի Անահիտ Սիմոնյանը: Նա իր Instagram-յան միկրոբլոգի story հավելվածում հրապարակել է լուսանկար, որը մակագրել է ռուսալեզու գրությամբ՝ «Ես հասցրի: Շնորհավորում եմ»:
Ֆուտբոլին ակտիվորեն հետեւել են նաեւ դերասանուհիներ Լիա Զախարյանն ու Տաթեւ Սարգսյանը: Վերջինս խաղից որոշ կադրերով կիսվել է իր Instagram-ի story բաժնում:
Հետաքրքիր է, որ գոլերից մեկը Տաթեւը բաց է թողել, քանի որ հեռարձակումը մի պահ տեխնիկական պատճառներով կանգ է առել:
Ֆրանսիացիներին է երկրպագել նաեւ երգչուհի Սիլվա Հակոբյանը: Նա «չի սխալվել» ֆրասիայի հաղթանակի հարցում:
Դե ինչ, ֆուտբոլային հրավառությունն ավարտված է, սակայն դրա փոխանցած դրական էմոցիաներն ու բուռն զգացողությունները դեռ երկար կհիշվեն ֆուտբոլասերների կողմից: