ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում, նախկին դատապարտյալներին կտտանքների և բռնության ենթարկելով, ստիպում են չբացահայտված հանցագործություններ խոստովանել. Այս մասին «Ժողովուրդ»-ին պատմել է Ալլա Ասրյանը, որի որդին՝ Հրայր Վանյանը, դարձել է նման իրավիճակի զոհ։
Մոր խոսքով՝ տղային անընդհատ զանգահարել և վախեցրել են. «Չգիտենք, թե ովքեր էին այդ զանգահարողները, քանի որ հեռախոսահամարն արգելափակված էր, ու չէինք կարողանում պարզել»: Վերջինիս նկարագրմամբ` իր որդուն նախկինում կատարած գողությունների համար դատարանի դատավճռով սահմանված պատիժը կրելուց հետո ոստիկանության Արաբկիր բաժնի աշխատակիցները մշտապես հետապնդել են մեկ պատճառով՝ ցանկացել են իմանալ, թե որտեղ են պահվում հայտնի նկարիչ Բաժբեուկ-Մելիքյանի լուսանկարները:
«Տղայիս տանում են՝ բաժին, ասում են, թե ասա՝ որտեղ են այդ լուսանկարները, եթե չէ, ապա կան մի քանի գողության դեպքեր, որոնք քո ձեռագրին նման են, ուրեմն դա դու ես արել։ Ոստիկանության Արաբկիրի բաժնում կտտանքների ու բռնության ենթարկվելով՝ տղաս բացատրություն է տալիս, որ իբր ինքը 2011թ. դեկտեմբեր, 2012թ. հունվար ամիսներին 6 բնակարաններից կատարել է գողություն և գողության փորձեր։ Մոտ 20 անգամ տարել են բաժին, հետո մեքենայով պտտել են Արաբկիր վարչական շրջանի գողություն կատարված բնակարանները և ստիպել, որ նա ասի, թե դա ինքն է կատարել Քրեականի աշխատակիցներ Արամը, Արմանը և ուրիշները ծեծի են ենթարկել Հրայրին, պարտադրել են, որ խոստովանի,իր չարած հանցանքները»,-նշել է վերջինս:
Բռնություն ոստիկանության Արաբկիրի բաժնո՞ւմ
