Կրթության և գիտության նախարարության ներքին աուդիտի բաժնի կողմից վերջերս ֆինանսական ստուգումներ էին անցկացվել Գյումրու թիվ 37 դպրոցում:

Ստուգումների արդյունքում արձանագրվել էին մի շարք խախտումներ, իսկ դրանց վերաբերյալ ակտը` ուղարկվել իրավապահներին:

«Առավոտ»-ի թղթակցին մարզի դատախազ Կ.Շահբազյանը տեղեկացրել է, որ մարզի ոստիկանության քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Թերթի տեղեկություններով` ստուգումներով պարզվել է, որ դպրոցի նախկին տնօրեն Սայաթ Մինասյանի պաշտոնավարման օրոք` անցած տարվա դեկտեմբերին, գանձարանից դուրս է բերվել, կանխիկացվել, սակայն չի վճարվել դպրոցի աշխատակիցների կեսի մեկ ամսվա աշխատավարձը: Խոսքը` մոտ 3մլն. դրամի մասին է:

Բացի այդ, ըստ տեղեկությունների, աշակերտներից գանձված դասագրքերի վարձավճարից մոտ 4 միլիոնից ավելին չի փոխանցվել դասագրքերի շրջանառու հիմնադրամի` դպրոցի հաշվեհամարին:

Վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով գումարներ են դուրս գրվել, սակայն փաստացի վերանորոգում չի կատարվել: