Սյունիքի մարզում, այսօր, հուլիսի 21-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 17:25-ի սահմաններում, ԱԻՆ փրկարար-ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ավտոմեքենա է գլորվել ձորը, եւ հրդեհ է բռնկվել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, դեպքի վայր է ժամանել Գորիսի թիվ 55 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Հրշեջները՝ Գորիսի ոստիկանների, քաղաքացիների օգնությամբ փորձել են մարել Nissan մակնիշի 04 AM 014 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:


Հրդեհը մարելուց հետո ավտոմեքենայի հետնամասում հայտնաբերվել է մոխրացած դի:

Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ավտովթար, թե սպանություն, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ իրականացնելուց հետո: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի սեռը եւ ինքնությունը: Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:

Աղբյուրի փոխանցմամբ, մահացածը Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի բնակիչ, 28-ամյա Արմեն Մինասյանն էր: Այս տեղեկությունը նույնպես ճշտվում է: Ավտոմեքենան հաշվառված է Ա. Մինասյանի անվամբ: