Lragir.am-ը գրում է.

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել է, թե Ադրբեջանի որեւէ սադրանքի դեպքում չի լինի ինչպես երկու տարի առաջ ապրիլին, ու Երեւանը կարող է եւ չդիմադրել իր ամբողջ ուժով հակահարված հասցնելու «գայթակղությանը»:

Ադրբեջանը Հայաստանում նոր իշխանության հաստատումից հետո հայտնվել է բարդ իրավիճակում: Արցախի խնդրում փոխվում ու կոշտանում են Հայաստանի մոտեցումները, դրվում հստակ նախապայմաններ: Մյուս կողմից, հայկական հեղափոխությունը ահռելի քաղաքակրթական ճնշման տակ է դրել Ալիեւի ժամկետանց վարչակարգին:

Այս երկու հանգամանքներն անմիջական կապ ունեն հակամարտության տրանսֆորմացիայի ու հանգուցալուծման հետ: Ադրբեջանն իրեն այլ տեղ չի թողել, քան պատերազմի միջոցով հանգուցալուծումը, որի համար անհրաժեշտ են արտաքին ու «լոկալ» երաշխիքներ:

Նկատելի է, որ Ադրբեջանը փորձում է ԱՄՆ-ից ու Ռուսաստանից ստանալ պատերազմի «իրավունք» ու երաշխիքներ, ակտիվ այցեր կազմակերպելով այդ երկրներ: Միաժամանակ, ադրբեջանական լոբբինգի ակտիվ ներգրավմամբ Ռուսաստանի որոշակի շրջանակներում արշավ է սկսել Հայաստանի նոր իշխանության դեմ, որի հեռահար նպատակներից մեկն էլ հայ-ռուսական լարվածությունն ու Ռուսաստանից Հայաստանի դեմ պատերազմի թույլտվությունն է:

Պատերազմ սկսելու համար «երաշխիքներից» մեկն էլ այն է, որ Հայաստանը կանխատեսելի պահվածք կդրսեւորի հնարավոր պատերազմի դեպքում, ժամանակին կանգ կառնի եւ չի տրվի հակահարված հասցնելու «գայթակղությանը»: Երկու տարի առաջ ապրիլին Ադրբեջանն ստացավ այս ամենը եւ սկսեց ռազմական գործողությունները:

Հայաստանի նոր իշխանությունը Ադրբեջանին տալիս է «երաշխիք», որ չի դրսեւորի այնպիսի վարք, ինչպես երկու տարի առաջ: Սա թերեւս ավելի կարեւոր է, քան գերտերությունների թույլտվությունը, քանի որ գերտերությունները կարող են եւ մի կողմ քաշվել, եւ Ադրբեջանը կմնա դեմ առ դեմ Հայաստանի հետ, որը հայտարարում է, որ կարող է եւ չդիմանալ գայթակղությանը: Թե ինչ է լինում նման դեպքերում՝ Ադրբեջանն արդեն համոզվել է:

Հայաստանը ներկայում երկու անելիք ունի այս ուղղությամբ՝ Ադրբեջանին զրկել պատերազմի արտաքին երաշխիքներից, դիվանագիտական աշխույժ աշխատանքով եւ ուժային կենտրոններին պատասխանատվության տակ դնելով, եւ հստակ «երաշխիքներ» տալ Ադրբեջանին՝ պատերազմի դեպքում կանգ չառնելու մասին:

Նյութի աղբյուրը` Lragir.am