Ֆրանսիական ՊՍԺ-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն այցելել է Փարիզի մի շարք գիշերային ակումբներ, որտեղ հաճախ լինում են իր թիմի ֆուտբոլիստները: Գերմանացի մասնագետն այդ հաստատությունների ղեկավարներին խնդրել է իրեն տեղյակ պահել ֆուտբոլիստների այցելության մասին, գրում է France Football-ը:
Այդ կերպ Տուխելը ցանկանում է վերահսկել իր ֆուտբոլիստների վարքը խաղադաշտից դուրս: Բացի այդ, մարզիչն իր խաղացողներին արգելել է խաղերից հետո ուտել մակարոն՝ նրանց սննդակարգից հեռացնելով նաեւ ֆաստֆուդը, գազավորված ըմպելիքներն ու շաքարի բարձր պարունակությամբ ուտեստները:
Հիշեցնենք, որ Թոմաս Տուխելը նախորդ մրցաշրջանի վերջում էր գլխավորել ՊՍԺ-ն՝ փոխարինելով իսպանացի Ունաի Էմերիին: Գերմանացի մասնագետի նախորդ ակումբը եղել է Դորտմունդի «Բորուսիան», որը նա գլխավորել է 2015-2017-ը: