Կոլումբիայի «Բոյակա Չիկո» ակումբի պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում խոսել է Հայաստանի հավաքականում նորամուտի, Կոլումբիայի մինչեւ 23 տարեկանների հավաքականից ստացած հրավերի ու Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:

22-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի հավաքականի կազմում նորամուտը նշել էր մայիսի 29-ին՝ մասնակցելով Մալթայի դեմ Ավստրիայում կայացած ընկերական խաղին (1:1):

Վերջերս նորամուտը նշեցիր Հայաստանի հավաքականի կազմում: Ինչպիսի՞ տպավորություններ ունես:

Հայաստանի հավաքականում նորամուտից ունեմ ամենալավ տպավորություններ: Ունեմ հրաշալի թիմակիցներ, որոնք ինձ շատ օգնեցին թիմում հարմարվելու հարցում: Այո, ես երիտասարդ եմ եւ սովորելու շատ բան ունեմ փորձառու խաղացողներից, սակայն Հայաստանի հավաքականից ստացած յուրաքանչյուր հրավերի դեպքում կներդնեմ բոլոր ուժերս:

 

Մինչեւ Հայաստանի հավաքական հրավիրվելը գիտեի՞ր քո հայկական արմատների մասին:

Այո, գիտեի արմատներիս մասին, սակայն չեմ կարող ասել, որ ինձ հայ էի զգում: Հիմա կարող եմ ասել՝ հպարտ եմ, որ երակներովս հոսում է հայկական արյուն: Շատ ուրախ եմ, որ ստացել եմ հնարավորություն ծանոթանալ այնպիսի մարդկանց հետ, որոնց հետ ինձ զգում եմ ինչպես տանը:

 

Հասցրե՞լ ես սովորել հայերեն բառեր:

Մինչեւ Հայաստան գալը չգիտեի հայերեն բառեր, թեեւ ունեի հայերեն սովորելու մեծ ցանկություն: Արդեն գիտեմ մի քանի բառեր, որոնք անհրաժեշտ են ֆուտբոլային խաղադաշտում՝ «աջ», «ձախ», «կենտրոն» եւ այլն:

 

Հայաստանի հավաքականում թիմակիցներից ո՞ւմ հետ ես հաղորդակցվել ամենաշատը:

Ես նույն սենյակում էի իմ ընկեր Էրիկ Վարդանյանի հետ, քանի որ նա գիտեր իսպաներեն, միեւնույն ժամանակ, նա հրաշալի տղա է: Նրա օգնությամբ ես սկսեցի հաղորդակցվել նաեւ մյուս թիմակիցներիս հետ եւ հարմարվեցի կոլեկտիվին:

 

Ի՞նչ քեզ տվեց Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ մարզվելն ու խաղալը:

Մխիթարյանի հետ մարզվելն ու խաղալն անգին փորձ է ինձ համար: Ես ուշադրությամբ հետեւել եմ նրա ելույթներին Գերմանիայում ու Անգլիայում: Նա ինձ վրա մեծ տպավորություն է գործել թե՛ որպես մարդ, թե՛ որպես ֆուտբոլիստ: Հենրիխը շատ համեստ տղա է, որն ունի մարդկային բարձր որակներ: Նա խոսում է նաեւ իսպաներեն, եւ մենք հաճելիորեն շփվում էինք:

Ի՞նչ սպասելիքներ ունես Ազգերի լիգայից: Հայաստանի հավաքականն ի զորո՞ւ է առաջին անգամ նվաճել Եվրոպայի առաջնության ուղեգիր:

Իհարկե, դա մեր ուժերի սահմանում է: Պետք է համապատասխան ձեւով տրամադրվել ու պայքարել մեկ ընդհանուր նպատակի համար: Դա աննկարագրելի ուրախություն կբերի մեր ընտանիքներին ու ամբողջ հայ ազգին:

Երբեւէ հրավիրվե՞լ ես Կոլումբիայի պատանեկան կամ երիտասարդական հավաքական:

Այո, ես հրավիրվել եմ Կոլումբիայի մինչեւ 23 տարեկանների հավաքական եւ մասնակցել սելեկցիոն հավաքի: Ես շատ երիտասարդ էի, բայց լավ տպավորություն թողեցի մարզչական շտաբի վրա:

 

Ինչպե՞ս են ակումբային գործերդ Կոլումբիայում: Արդյոք ապագադ կապում ես «Բոյակա Չիկոյի» հետ, թե ծրագրել ես տեղափոխվել Եվրոպա:

Ինձ լավ եմ զգում «Բոյակա Չիկոյում», բայց բոլոր ամբիցիոզ ֆուտբոլիստների պես ցանկանում եմ առաջադիմել ու քայլ առաջ կատարել: Չեմ կարող ասել, թե արդյոք դա տեղի կունենա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում, սակայն ունեմ Եվրոպա տեղափոխվելու ցանկություն:

Նյութի աղբյուրը` NEWS.am