«Սանիթեք»-ը հավաստիացրել էր, որ քաղաքում աղբահանության հետ կապված իրավիճակը դեռեւս մեկ շաբաթ պետք է կարգավորված լինի: Այս մասին NEWS.am-ին ասաց Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը` անդրադառնալով քաղաքում վերջին շաբաթներին տիրող հակասանիտարական վիճակին:

«Մենք բազմիցս դիմել ենք «Սանիթեք»-ին՝ իրավիճակը կարգավորելու համար: Մեր խմբակցության անդամներին հավաստիացրել էին, որ իրավիճակը դեռեւս մեկ շաբաթ առաջ պետք է կարգավորված լիներ, սակայն այսօր արձանագրել ենք, որ իրավիճակը չի շտկվել, եւ քաղաքը աղբի մեջ կորած է: Այստեղ գլխավոր անելիքը քաղաքապետարանի աշխատակազմինն է, այսինքն՝ «Սանիթեք»-ի հետ պայմանագիր կնքած կողմինը: Քաղաքապետարանը պետք է «Սանիթեք»-ին խստագույնս նախազգուշացնի , եւ կարճագույն ժամանակահատվածում իրավիճակը շտկվի, եւ եթե նման իրավիճակը կրկնվի, ապա քաղաքապետարանը պետք է լրջագույնս դիտարկի պայմանագրին համապատասխան գործողությունների դադարեցումը «Սանիթեք»-ի հետ»,-ասաց ավագանու անդամը:


Դավիթ Խաժակյանը հավելեց, որ ավագանու հերթական նստաշրջանն ավարտված է, եւ հասկանալի է, որ արտահերթ նիստի հավանականությունը շատ քիչ է, որպեսզի հարցն ավագանու նիստում քննարկվի:

Նշենք, որ վերջին օրրեն քաղաքում հակասանիտարական վիճակ է ստեղծվել, քանի որ «Սանիթեք» ընկերությունը պատշաճ չի կատարում իր պարտականությունները: Ընկերությունը հայցել է քաղաքացիների ներողամտությունը եւ հավաստիացրել, որ կարճ ժամանակահատվածում իրավիճակը կկարգավորվի, սակայն խոստումը դեռ չի կատարել:

Ընկերությունը նաեւ նշել է, որ իր գործունեությունը կապված չէ Տարոն Մարգարյանի հրաժարականի հետ, եւ ընկերությունը «սաբոտաժ» չի իրականացնում, իրականում խնդիրները տեխնիկական են: