ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր անդրադարձել է լուրերին, թե ռուսական կողմը ճնշումներ է գործադրում, մասնավորապես որ կարող է դադարեցվել կամ սառեցվել սպառազինության մատակարարման 100 միլիոն դոլարի վարկային համաձայնագիրը. «Ես նմա՞ն եմ մարդու, ում կարելի է ճնշել որեւէ ձեւով։ Չկա այդպիսի բան։ Կա համագործակցային եւ գործընկերային մթնոլորտ, որը չի փոխվել, չի փոխվում արդեն տասնյակ տարիներ»։
Նա ասել է, որ այդ վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին զենքի մատակարարման գործընթացը չի դադարել:
Իր հերթին, սպառազինության մատակարարման դադարեցման մասին տեղեկությունները հերքել է նաեւ ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, ով այսօր հյուրընկալվել է Դավիթ Տոնոյանին:
Այս խոսակցությունները տարածվեցին այն բանից հետո, երբ Հայաստանում մեղադրանք առաջադրվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ինչի կապակցությամբ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել էր իր դժգոհությունը: Խաչատուրովի վերաբերյալ հարցին Ֆոմինը գեներալին բնորոշ հակիրճ պատասխան է տվել՝ Հայաստանում արդարադատություն է իրականացվում:
Շատերն այս իրավիճակը բնութագրել են «մտրակի ու բլիթի» քաղաքականություն, նկատի ունենալով Ռուսաստանին: Սա արդեն իսկ վատ չէ, նկատի ունենալով, որ ոչ վաղ անցյալում կար միայն մտրակը: Հայ-ռուսական հարաբերությունները ներկայում մտել են ցավոտ մի փուլ, որն ամենեւին ճգնաժամ չէ, այլ հայկական կողմից նոր որակի հարաբերություն կառուցելու փորձ, որը որոշակի դիսկոմֆորտ է առաջացնում ռուսական տարբեր շրջանակներում: Կստացվի, թե ոչ, դա այլ խնդիր է, սակայն այդ փորձի բացակայությունը հանգեցնելու է ավելի մեծ խնդիրների, քան փորձի ռիսկն է:
Ի դեպ, խոսելով ռուսական զենքի մատակարարման շարունակման մասին, Դավիթ Տոնոյանը հայտարարել է, որ Հայաստանը զենք է գնում ոչ միայն ՀԱՊԿ անդամ երկրներից: Պաշտպանության նախարարն այսպիսով ակնարկում է, որ եթե ՀԱՊԿ-ի շուրջ առաջացած իրավիճակն ազդի Հայաստանի հանդեպ քաղաքականության վրա, եւ եթե ՀԱՊԿ-ում չպահպանվի Հայաստանի քվոտան, ապա այնպես չէ, որ Հայաստանը կմնա անելանելի վիճակում:
Հայաստանն էլ փորձում է իր «մտրակն ու բլիթը»:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am