Զանգվածային լրատվամիջոցներով տարածվել է տեղեկատվություն այն մասին, թե այս օրերին Հայաստանի գյուղմթերքի շուկայում հայտնվել է մեծ քանակությամբ ձմերուկ, որը, հնարավոր է, ունի ադրբեջանական ծագում:
Տեղեկացնում ենք, որ ս/թ հուլիս-օգոստոս ամիսներին ՀՀ տարածք ձմերուկ ներմուծվել է բացառապես Վրաստանից և Ռուսաստանից, ընդհանուր՝ 1327 տոննա, որից 781 տոննան ներմուծվել է միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում:
Հավելենք, որ ներմուծված խմբաքանակի հիմնական ծավալը բաժին է ընկնում Ռուսաստանին` 1327-ից 1217 տոննան, որն ավելի քան տասն անգամ գերազանցում է Վրաստանից ներմուծման ծավալը (110 տոննա):
Երկու երկրներից ներմուծված ձմերուկների համար տրամադրված ուղեկցող փաստաթղթերը հավաստում են, որ վերջիններս ունեն ռուսական և վրացական ծագում:
Շրջայցերի ընթացքում ևս փաստվել է, որ իրացման ցանցում ձմերուկները վաճառվում են որպես ռուսական (Աստրախանի ձմերուկ): Թեև ոչ բոլոր դեպքերում է առկա մակնշում, ինչը բուսական ծագման մթերքի համար պարտադիր չէ, այդուհանդերձ իրացնողները տեղեկացրել են, որ ձմերուկն Աստրախանից է:
ԶԼՄ հրապարակումներում չի ներկայացվում որևէ հիմնավորում, թե ներմուծված ձմերուկն ադրբեջանական ծագում ունի: Ուստի հորդորում ենք չտարածել չստուգված և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն՝ հանրության շրջանում արհեստական անհանգստություն չստեղծելու նպատակով:
Հիշեցնենք, որ պտուղ-բանջարեղենի ներմուծման ժամանակ սահմանային հսկիչ կետում իրականացվում է պարտադիր բուսասանիտարական վերակսկողություն. նախ ստուգվում է ներմուծող երկրի բուսասանիտարական հավաստագիրը, ապա կատարվում է զննում՝ կարանտին վնասատուներ և հիվանդություններ հայտնաբերելու նպատակով, իսկ դրանց առկայության վերաբերյալ կասկածների դեպքում՝ կատարվում է նմուշառում և ուղարկվում լաբորատոր փորձաքննության:
Եվս մեկ անգամ դիմում ենք բոլոր քաղաքացիներին՝ կասկածելի մթերքի իրացում նկատելու դեպքում ահազանգել տեսչական մարմնի թեժ գծին 010 20 60 40 և 012 90 60 90 հեռախոսահամարներով:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն