Ոստիկանությունում օգոստոսի 14-ին նույնասեռականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի փաստի առթիվ հարուցվել է քրգործ, մեկ անձ ձերբակալվել է: Այս մասին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Նրանց փոխանցմամբ, քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով (խուլիգանությունը, որը ատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից, եւ զուգորդվել է իշխանության ներկայացուցչին կամ հասարակական կարգի պահպանության պարտականություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով):


Ավելի վաղ ոստիկանությունը հայտնել էր, որ օգոստոսի 14-ին ոստիկանության Կենտրոնական բաժին են ահազանգել քաղաքացիներ եւ հայտնել, որ Երեւանի «Կոմայգում» եւ «Շիրակ» հյուրանոցի հարեւանությամբ զինված հարձակվել են իրենց վրա։ Ոստիկանության օպերատիվ խումբը նշված տարածքում պարզել է, որ ըստ զանգահարողների հայտարարությունների՝ նրանք նույնասեռականներ են, իսկ նրանց հարվածել է մի քաղաքացի: Այդ քաղաքացուն ոստիկանները մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանություն:

Տուժող կողմը իմանալով, որ կասկածյալին բերման են ենթարկում ոստիկանության Կենտրոնի բաժին, հավաքվել են ոստիկանության դիմաց, իսկ կասկածյալին բերման ենթարկելու պահին քաշքշուկ սկսել:

Ոստիկանության ծառայողները փորձել են հանդարտեցնել նրանց, սակայն առաջին հայացքից կանայք թվացող, իսկ իրականում կանացի զգեստներով տղամարդիկ ու նրանց համախոհները ներխուժել են ոստիկանության բաժին՝ բերման ենթարկվածին հայտնաբերելու և վրեժխնդիր լինելու համար՝ այդ ընթացքում մարմնական վնասվածքներ պատճառելով ոստիկանության երկու ծառայողի, որոնցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց: Պարզվել է ոստիկաններին մարմնական վնասվածք պատճառածների ինքնությունը։ Նրանք Երեւանի բնակիչներ 21-ամյա Ժիրայր Հովհաննիսյանն ու 30-ամյա Մարատ Կիրիլյուկն են:

Այս ամենը, բնականաբար, օրենքի շրջանակում իրավական հետևանքներ ունեցավ:

Նշանակվել են փորձաքննություններ, նյութեր են նախապատրաստվում: