Սա Կարապի լճին հարող Թումանյան և Տերյան փողոցների խաչմերուկի անկյունային շենքն է, լուսանկարն արված է 1950-ականների առաջին կեսին: Ցավոք, թամանյանական ավանդական դպրոցի այս դասական ճարտարապետական ոճը և Երևանի կենտրոնի դիմագիծն ընդհանրապես սկսվեցին խեղվել մոտ քսան տարի առաջ՝ չհիմնավորված, անկանոն, օտարածին և կասկածելի քաղաքաշինության ներմուծմամբ:
Եթե հիշում եք, այստեղ, անկյունային այս շենքի առաջին հարկում էր գտնվում հանրահայտ Գեղարվեստական սրահը (սալոնը), որտեղ հայ արվեստագետները ներկայացնում էին իրենց գործերը՝ նկարներ, կիրառական արվեստի տարբեր աշխատանքներ, հուշանվերներ: Սովետական ժամանակաշրջանում այս սրահը բառացիորեն Երևանի այցեքարտն էր հանդիսանում, և Երևան եկած ցանկացած զբոսաշրջիկ առաջին հերթին գալիս էր այստեղ՝ հուշանվերներ և նկարներ գնելու համար:
Լուսանկարի վրա պատկերված երկրորդ շենքի առաջին հարկում էր տեղակայված «Անուշ» ֆիրմային մթերային խանութը (գաստրոնոմը), որի ներսն ամբողջությամբ նկարազարդված էր Հովհաննես Թումանյանի համանուն պոեմի թեմաներով: Հիմա այս նույն տարածքում գործում է «Թումանյանի շաուրմա» արագ սննդի կետը, սակայն այն ոչ մի կապ չունի մեծ բանաստեղծի ստեղծագործության հետ, այլ իր անվանման մեջ ընդամենը ավելացված է նրա անվամբ փողոցի անունը:
Ֆեյսբուք՝ Ռուբեն Շուխյան