Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուս 1 հեռուստաընկերությանը հարցազրույցում ասել է, որ ինքն ու Ռուսաստանի նախագահը Սոչիում հանդիպմանը քննարկել են ՀԱՊԿ շրջանակում Բելառուսի եւ Ռուսաստանի համատեղ գործողությունները, ինչպես նաեւ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակը:
«Մեր դիրքորոշումը պարզ է ու հասկանալի: Մենք ժամանակին առաջարկել ենք այլ թեկնածություններ: Այն ժամանակ մեզ չլսեցին», – նշել է Լուկաշենկոն:
Նա ասել է, որ Բելառուսի եւ ՌԴ «նախագահները ավելի խորն են նայել խնդրին՝ Հայաստանի նոր ղեկավարության, վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության վարած քաղաքականության տեսանկյունից»: «Մենք քննարկել ենք մեր համատեղ գործողությունները ՀԱՊԿ-ում եւ այն խնդիրները, որոնք այսօր առկա են ՀԱՊԿ-ում, եւ գործողությունների այն ծրագիրը, որի համար պատասխանատու են կազմակերպության անդամները», – ասել է Բելառուսի նախագահը:
Ալեքսանդր Լուկաշենկոն եւս մեկ ինտրիգ է մտցրել ՀԱՊԿ-ի՝ առանց այդ էլ խճճված գործում: Ու՞մ է Բելառուսն առաջարկել որպես գլխավոր քարտուղար: Լուկաշենկոն նկատի ունի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի՞ն, ում, ինչպես գրում էին լրատվամիջոցները, առաջարկել են զբաղեցնել գլխավոր քարտուղարի պաշտոնը, բայց նա հրաժարվել է: Ի՞նչ է նշանակում «ավելի խորը նայել խնդրին»: Նիկոլ Փաշինյանը նախագահներին այնպիսի ծանրակշիռ փաստարկնե՞ր է ներկայացրել, որոնց հետ հաշվի չէին կարող չնստել:
Լուկաշենկոյի հայտարարությունն այսպես թե այնպես հստակություն չի մտցրել այն հարցում արդյոք գլխավոր քարտուղարի պաշտոնը Հայաստանինն է լինելու մինչեւ 2020 թվականը: Հայաստանը պատրա՞ստ է պայքարել դրա համար եւ գլխավորը ՀԱՊԿ-ը պատրա՞ստ է ընդունել Հայաստանի պայմանները:
Որոշ ռուսամետ լրատվամիջոցներ գրել են, որ վարչապետի խորհրդական Արսեն Խառատյանն է վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհուրդ տվել ձերբակալել Խաչատուրովին առանց ՀԱՊԿ անդամներին տեղյակ պահելու: Երեկ Խառատյանը հայտարարել է, որ ազատման դիմում է գրել: Ճիշտ է, Հայաստանի ԱԳՆ-ն չի ընդունել, որ Խաչատուրովին ձերբակալելիս ընթացակարգը խախտվել է:
Արսեն Խառատյանի կապը Խաչատուրովի ձերբակալության հետ այնքան էլ կարեւոր չէ, որքան այն, որ ՀԱՊԿ շուրջ հետաքրքիր գործընթացներ են սկսվել: Ադրբեջանում սկսել են խոսել ՀԱՊԿ-ին հավանական անդամակցության մասին՝ որպես անդամ կամ գործընկեր: Բացի այդ, Լուկաշնեկոն Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Բելառուսը Ռուսաստանի հետ միասին մասնակցելու է Սիրիայի հետպատերազմյան վերականգնմանը:
Մանրամասները՝ lragir.am