«ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ԸԴԱ երկարաժամկետ դիտորդների` Հայաստանում նախագահի ընտրությունների վերաբերյալ երկրորդ միջանկյալ զեկույցը չի անդրադարձել ՀՀ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի կողմից առաջադրված պահանջներին ու դրանց գնահատականներին»,- այս մասին գրված է նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի տարածած հայտարարության մեջ:
Նախագահի թեկնածուն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով դիտորդական առաքելության զեկույցին նշեց.«Ժողովրդավարության բարիքները երբեք չեն կարող օգտագործվել կրիմինալ կամ հակամարդկային քաղաքական ուժերի կողմից, որպեսզի նման ուժերը գան իշխանության»:
Անդրիաս Ղուկասյանն ասաց, որ ինքը զեկույցում չի տեսել իր կողմից բարձրացված հարցերի գնահատականները.« Ըստ ինձ սա նշանակում է, որ առաքելությունը շրջանցում է այս կարևոր փաստը, որ էական նշանակություն ունի ընտրությունների գնահատման համար և փաստորեն առանց ուշադրության թողնելով դա, անորոշություն ու մոլորություն կարող է ստեղծվել միջազգային հանրության մոտ, բոլոր նրանց մոտ, ովքեր նման զեկույցից փորձում են Հայաստանում քաղաքական իրավիճակի մասին ստանալ պատկերացում»:
Անդրիաս Ղուկասյանը համոզված է, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ երկարաժամկետ դիտորդների առաքելությունը Հայաստանում ժողովրդավարության հետ կապ չունի և հետապնդում է այլ նպատակներ:
Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու Անդրիաս Ղուկասյանն արդեն 22-երորդ օրն է ինչ հացադուլ է հայտարարել: Նրա պահանջը դեռ չի փոփոխվել: Ղուկասյանը պահանջում է, որ ԿԸՀ-ն անվավեր ճանաչի գործող նախագահ, նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի գրանցումը: