Հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ ԱԺ նախագահի նախաձեռնությամբ, որի մասին նա հայտարարել էր օգոստոսի 17-ին Նիկոլ Փաշինյանի հանրահավաքային ելույթից հետո: Բաբլոյանը մտահոգություն էր հայտնել այդ ելույթում հնչած մի քանի մտքի կապակցությամբ, որոնք վերաբերում էին անցումային արդարադատության հարց քննարկելուն, Սահմանադրության փոփոխությանը եւ ԱԺ ինքնալուծարման մեխանիզմին:
Բաբլոյանը հայտարարել էր, թե դրանք վտանգում են պետական ինստիտուտների գործունեությունը եւ այդ առնչությամբ ինքը նախաձեռնում է հանդիպումների շարք նախագահի, վարչապետի, Բարձրագույն դատական խորհրդի ղեկավարի եւ Մարդու իրավունքների պաշտպանի հետ:
Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո տարածվել է հայտարարություն, որտեղ նշվում է այն մասին, որ դատական համակարգը դեռ չի սպառել իրեն, թեեւ այդուհանդերձ հարկ եղած դեպքում կքննարկվի անցումային արդարադատության հարցը: Միաժամանակ նշվում է, որ խորհրդարանի արտահերթ ընտրությունն էլ կլինի նախատեսված ժամկետում՝ մինչեւ 2019-ի մայիս:
Բանն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական հայտից հետո եւ օգոստոսի 17-ի հանրահավաքից առաջ նախկին իշխանության շրջանակներից սկսեցին հայտարարություններ, թե արտահերթ ընտրության ժամանակացույցը պարտադիր է Նիկոլ Փաշինյանի համար, բայց ոչ իրենց: Օգոստոսի 17-ի հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հռչակեց թավշյա հեղափոխության երկրորդ փուլը, որն ըստ ազդակների՝ իր բնույթով լինելու էր արդեն ոչ այնքան թավշյա կամ լինելու էր բավական կոշտ թավշից:
Դրանից հետո ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հայտարարությունը հուշեց, որ Փաշինյանի այդ ազդակը մտահոգել է նախկին իշխանության առնվազն այն շրջանակներին, որոնք հակված են թավշյա գործընթացի տրամաբանությամբ պայմանավորվածություններին, սակայն կարող են ընկնել ընդհանուր հարվածի տակ, եթե դրանք խախտվեն: Իսկ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 17-ին փաստացի հայտարարեց այն, որ, եթե նախորդ համակարգը մտադիր է չեղարկել պայմանավորվածությունները եւ համարել, որ թավշյա հեղափոխությունն այլեւս թուլացել է, ապա հեղափոխությունն առաջինը դուրս կգա այդ պայմանավորվածությունների շրջանակից եւ կանցնի ավելի կոշտ քայլերի, կանխարգելիչ քայլերի:
Մյուս կողմից, իհարկե, այս առումով կա խնդրի մեկ այլ շերտ: Բանն այն է, որ իշխանության կարգավիճակում թավշյա հեղափոխությունն ունի արդեն հավելյալ նոր խնդիրներ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ, եւ այդ իմաստով անշուշտ «հակահեղափոխության» վտանգի զգացողության ձեւավորումը կարող է լինել այդ խնդիրների բացասական ազդեցությունը կամ հետեւանքը ծածկելու հնարավորություն: Իհարկե դա կարճաժամկետ հնարավորություն է, բայց թավշյա հեղափոխության թիմին էլ օբյեկտիվորեն ժամանակ է պետք մի շարք հարցերի համար:
Այդ տեսանկյունից, Արա Բաբլոյանի հայտարարությունն էլ ուներ թերեւս մոտիվացիոն բազմաշերտ հենք: Նախ, Բաբլոյանի քայլը փորձ էր Նիկոլ Փաշինյանին ակնարկել կամ հիշեցնել, որ նախորդ համակարգից ամենեւին ոչ բոլորն են, որ ունեն արմատական դիմադրության կամ «հակահեղափոխության» ցանկություն կամ մտադրություն եւ առնվազն կա սեգմենտ, որը պատրաստ է հանդիպել, պայմանավորվել, վերահաստատել պայմանավորվածությունները: Անկասկած է, որ Բաբլոյանը լոկ իր անունից չէ, որ արել էր հանդիպումների նախաձեռնությունը:
Մյուս կողմից, ԱԺ նախագահը կարող էր փորձել որոշակիորեն զսպել իրավիճակի լարումը եւ չտալ իշխանությանը կոշտ ուժի առիթ՝ այդպիսով ժամանակ շահելով նախորդ համակարգի համար եւ ժամանակի կորուստ պատճառելով նոր իշխանությանը:
Բոլոր դեպքերում, Նիկոլ Փաշինյանի եւ Արա Բաբլոյանի հանդիպման արդյունքում տարածված հայտարարությունը առնվազն ընթացիկ էֆեկտով միավոր է ավելացնում վարչապետի կապիտալին, քանի որ փաստացի շեշտվում է, թե չկա կոշտ մեթոդների կարիք եւ իշխանության «փոխանցման գործընթացը» կշարունակի իր «սահուն ընթացքը»:
Արա Բաբլոյանը կանխեց հարվածը, բայց արդյո՞ք օգոստոսի 17-ը Փաշինյանի վերջին զգուշացումն էր, թե՞ կլինի նորի հարկ:
Դրան զուգահեռ, միջնաժամկետ ու երկարաժամկետ կտրվածքով ուժերի հարաբերակցության պատկերն իհարկե ավելի անորոշ է, թեեւ այստեղ արդեն լայնանում է «հորիզոնը» եւ դրանում նաեւ շոշափելի դերակատարում ունի օրինակ Գերմանիայի կանցլերի ռեգիոնալ այցի շրջանակում Հայաստան կատարած այցելությունը: Հատկանշական է, որ Արա Բաբլոյանի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի է ունենում դրանից հետո, նաեւ վարչապետ Արցախ կատարած աշխատանքային այցից հետ, որն էլ իր հերթին հաջորդել էր Մերկելի երեւանյան այցին:
Լայնացող «հորիզոնը» անկասկած այլ երանգ եւ տրամաբանություն է հաղորդում Հայաստանի ներքին զարգացումներին եւ ուժերի հարաբերակցության դինամիկային՝ գործնականում սահմանելով, որ Հայաստանում նոր իրավիճակի այսպես ասած «ճակատը» շատ ավելի լայն է, քան զուտ գործադիր իշխանությունը եւ ըստ այդմ դուրս գալ այդ իշխանության դեմ, նշանակում է դուրս գալ ավելի լայն «ճակատի» դեմ, դրանից բխող հետեւանքներով, քանի որ Հայաստանի վերափոխման գործընթացը սկզբունքորեն նշանակալի գործոն է ռեգիոնալ եւ միջազգային անվտանգության համատեքստում, քանի որ Հայաստանի վրա պահվում է նաեւ միջազգային անվտանգության տեսանկյունից նշանակալի շատ բան եւ շատ բան էր կանգնած նախորդ համակարգի կառավարման հետեւանքով գահավիժման վտանգի տակ:
Միեւնույն ժամանակ, այդ իրավիճակը անշուշտ ամրացնելով նոր իշխանության ներքին դիմադրունակությունը, չափազանց բարձրացնում է պատասխանատվությունն արտաքին ուղղությամբ, ներառյալ անվտանգության սպասարկման ռազմա-քաղաքական որակը:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am