168.am-ի տեղեկություններով՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է կուսակցություն ստեղծել։

Ռ. Քոչարյանը մշտապես իր հարցազրույցներում հերքել էր ակտիվ քաղաքականություն վերադառնալու մասին հարցադրումները, սակայն Նիկոլ Փաշինյանի գլխավորած հեղափոխությունից և դրան հետևած գործողություններից հետո նա «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ վերադարձել է քաղաքականություն: Հարցին, թե վերադառնո՞ւմ է նա արդյոք քաղաքականություն, թե՞ ոչ, Քոչարյանը պատասխանել էր՝ «Համարեք, որ վերադարձել եմ»:


Եվ ահա, նա որոշել է ստեղծել կուսակցություն և մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին։

Վերջերս 168.am-ի հետ զրույցում ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ի պատասխան հարցի՝ եթե Քոչարյանը սկսի ակտիվ զբաղվել քաղաքականությամբ, ՀՀԿ-ն կլինի՞ նրա քաղաքական հենարանը, ասել էր, որ Հանրապետականն ու Քոչարյանն ունեցել են շուրջ 10-ամյա համագործակցության փորձ, Հանրապետականը եղել է կոալիցիոն 3 ուժերից և ամենամեծ կոալիցիոն ուժը, որ եղել է Ռ. Քոչարյանի իշխանության հիմնական հենարաններից մեկը:

«Եվ ես կարծում եմ, որ այդ տարիները Անդրանիկ Մարգարյան-Ռոբերտ Քոչարյան, հետո՝ Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան և Հանրապետական կուսակցություն-Ռոբերտ Քոչարյան այդ տանդեմը բավականին լուրջ ձեռքբերումներ է ապահովել Հայաստանի Հանրապետության թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության, թե՛ տնտեսական զարգացման համար։ Թե ապագայում ի՞նչ կլինի, ապագայի զարգացումների վերաբերյալ պատրաստ չեմ այսօր որևէ ձևակերպումներ տալ։ Կարող եմ միայն ասել, որ ՀՀԿ-ն միշտ գործել է ոչ թե՝ ընդդեմ, այլ՝ հանուն։ Եվ մեր գործունեության հիմքում լինելու է Հայաստանի ու Արցախի անվտանգությունը, Հայաստանի ու Արցախի պետական ու ազգային շահը, և այդ շահի սպասարկման համար մենք պատրաստ ենք դաշնակցել բոլոր այն քաղաքական գործիչների ու թիմերի հետ, ում գաղափարներն ու մեր գաղափարները կտանեն դեպի Հայաստանի հզորացում, Հայաստանում ազգային ու պետական արժեքային համակարգի ամրապնդում»,- ասել էր Շարմազանովը։

Դաշնակցությունը ևս այս ընթացքում բացահայտ ցույց է տվել իր դրական վերաբերմունքը Ռոբերտ Քոչարյանի՝ ակտիվ քաղաքականություն վերադարձի կապակցությամբ, և նաև բացասական տրամադրությունները՝ Փաշինյանի թիմակիցների և նրա որոշ հայտարարությունների ու գործողությունների նկատմամբ։ Դա նշանակում է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում այս ուժերը կարող են միավորվել։

Իսկ թե ինչպիսի՞ն կլինի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության, մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանի դիրքորոշումը՝ ակնհայտ կդառնա մոտ ժամանակներս։ Վերջինս դեռևս կտրուկ քայլերի չի դիմում՝ վախ ունենալով, թե ԱԱԾ և ուժային մյուս կառույցների միջոցով Փաշինյանը նոր գործողություններ կձեռնարկի անձամբ իր և իր մերձավորների նկատմամբ։ Թիկնազորի պետ Էդուարդ Բաբայանի ձերբակալությունը կոնկրետ ահազանգ էր Ծառուկյանին՝ ոչ ճիշտ պահելու դեպքում առնվազն նույն հոդվածով կձերբակալվի նաև նա։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն վերջերս ձերբակալել էր Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանին: Վերջինս կասկածվում էր Վյաչեսլավ Հարությունովին ծանր մարմնական վնաս պատճառելու մեջ (ՀՀ ՔՕ 112 հոդվածի հատկանիշներով):

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից իր գլխավորած կառավարության 100-օրվա ընթացքում կատարած աշխատանքները ներկայացնելու նպատակով կազմակերպված օգոստոսի 17-ի հանրահավաքից օրեր անց 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց Էդուարդ Բաբայանը, որը ձերբակալության ընթացքում գտնվում էր հիվանդանոցում։ Դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը Բաբայանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ: Ըստ ներքաղաքական շրջանակների՝ Ծառուկյանի առջև պայման էր դրվել՝ հանրահավաքին մարդկային որոշակի զանգվածի ներկայություն ապահովել, և թիկնազորի պետը գրավի դիմաց կազատվի։

 Նյութի աղբյուրը՝ 168.am