ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Ռոբերտ Քոչարյանի կոնսոլիդացիոն ներուժի եւ դրան հետեւելու մասին լրագրողների հարցին ի պատասխան հայտարարել է, որ ՀՀԿ-ն կոնսոլիդացվում է իր քաղաքական օրակարգի շուրջ: ՀՀԿ խոսնակն այդպիսով մերժում է Ռոբերտ Քոչարյանի պայման-պահանջ-առաջարկը, որ նա թափանցիկ ակնարկով հնչեցրել էր ռուսական ՆՏՎ-ի հետ զրույցում:
Քոչարյանը մեղադրել էր Սերժ Սարգսյանին, որ Սահմանադրության փոփոխության ու վարչապետ առաջադրվելու սխալ որոշումներով բերել է հեղափոխության: Էդուարդ Շարմազանով դրա հետ էլ համաձայն չէ:
Այսինքն, Շարմազանովը մերժում է Սերժ Սարգսյանին թողնելու եւ իրեն միանալու Քոչարյանի առաջարկը, ասելով, որ մեծամասնություն էին եւ իրենք էին որոշում՝ ում ընտրել վարչապետ: Ըստ նրա, ՀՀԿ ամենափորձառու, անվտանգության խնդիրները ամենալավ հասկացող գործիչը Սերժ Սարգսյանն էր:
ՀՀԿ խոսնակը փաստորեն պատասխան մեղադրանքն է հնչեցնում Քոչարյանի հասցեին, մոտավորապես այն տոնայնությամբ, ինչով տարիներ առաջ արտահայտվել էր ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը, նրա վերադարձի կապակցությամբ ասելով, թե վերադարձողը վերադառնում է՝ չի սպասում հանգամանքների:
ՀՀԿ խոսնակն էլ մոտավորապես նույն տրամաբանությամբ է արձագանքում երկրորդ նախագահին, թե եթե կարող էր անել որեւէ բան, ապա խոսելու փոխարեն թող աներ, եւ այդ ժամանակ ՀՀԿ-ն գուցե կմտածեր Սերժ Սարգսյանին փոխարինել Ռոբերտ Քոչարյանով: Այդպիսով, ՀՀԿ խոսնակը Ռոբերտ Քոչարյանին փաստորեն այժմ էլ մեղադրում է միայն խոսելու համար, ասելով, թե Քոչարյանը քաղաքականության մեջ ունի ասելիք: Այսինքն, Էդուարդ Շարմազանովը երկրորդ նախագահին ակնարկում է, որ միայն շատ հստակ եւ կոնկրետ քայլեր տեսնելու դեպքում ՀՀԿ-ն կմտածի Քոչարյանի առաջարկ-պայմանների մասին եւ հարցազրույցները, թեկուզ ՆՏՎ-ին, դեռեւս բավարար համոզիչ կամ վստահելի չեն:
ՀՀԿ դիրքորոշու՞մն է արտահայտում Էդուարդ Շարմազանովը, թե՞ միայն իր, կամ ավելի փոքր եւ նեղ մի խմբի: Ավելի հավանական է երկրորդը, քանի որ ՀՀԿ-ն ինքնին ներկայում միայն ցուցանակ է, առավել եւս, որ այդպիսին եղել է միշտ, իսկ իրականում այն կազմված է եղել շատ հարցերում իրարամերժ խմբերից, որոնք միավորված են եղել միայն իշխանությունը պահելու խնդրի շուրջ՝ որպես անձնական անվտանգության եւ բարեկեցության երաշխիք:
Այժմ այդ հանգամանքը չկա, հետեւաբար չկա պահող բան, որը կմեկտեղի անձնական կամ խմբային շահերը մի կետում: Հետեւաբար ՀՀԿ տարբեր կետերից տարբեր կերպ կընկալվի Ռոբերտ Քոչարյանի առաջարկը, ինչպես օրինակ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի դեպքում:
Բաղդասարյանն էլ չի համաձայնել Քոչարյանի մտքին, թե պատճառը Սահմանադրության փոփոխության եւ վարչապետ առաջադրվելու Սարգսյանի քայլերն էին: Բայց ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասում է բավական ուշագրավ մի բան: Ըստ նրա, միեւնույն է լինելու էր այն, ինչ եղավ, քանի որ տվյալ քաղաքական ուժը վաղուց էր պլանավորում այդպիսի բան, ասել կուզի հեղափոխություն եւ իշխանափոխություն:
Թվում է, որ Վահրամ Բաղդասարյանը արդարացնում է Սերժ Սարգսյանին, սակայն գործնականում նա արդարացնում է իրեն՝ Ռոբերտ Քոչարյանի առաջ: Բանն այն է, որ հենց Վահրամ Բաղդասարյանն էր, որ հայտարարում էր, թե Սերժ Սարգսյանը շարքային կուսակցական է եւ չի կարող չենթարկվել վարչապետ լինելու կուսակցության որոշմանը՝ ուզի, թե ոչ:
Ուզու՞մ էր Սերժ Սարգսյանը, թե՞ ՀՀԿ-ն նրան իրապես պարտադրեց մնալ եւ պատասխանատվություն կրել հետագայի համար, թե՞ Սարգսյանն էր ամեն ինչ կառուցել այնպես, որ վարչապետ մնալու պատասխանատվությունը թողնի ՀՀԿ վրա, բայց այդուհանդերձ ակնհայտ է, որ Բաղդասարյանը իրականում փորձում է Քոչարյանի մեղադրանքի տակից դուրս բերել իրեն, ոչ թե Սերժ Սարգսյանին:
Ասել, թե միեւնույն է այն, ինչ եղավ՝ լինելու էր, անկախ Սարգսյանի առաջադրվել-չառաջադրվելուց, նշանակում է Սերժ Սարգսյանին մեղադրել ոչ թե սխալ որոշման, այլ ընդհանրապես հեղափոխությունը կանխելու անկարողության մասին: Իսկ գուցե ավելին՝ մեղադրել նրան հեղափոխությունը գիտակցաբար հասունացնելու համար: Այդ տեսանկյունից, ի տարբերություն ՀՀԿ խոսնակ Շարմազանովի, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իրականում ոչ թե սխալ է համարում Քոչարյանին, այլ համարում է, որ նա մեղմ է բնորոշում Սարգսյանի սխալը:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am