Վրաց և հայ ժողովուրդները պետք է վստահ լինեն, որ մեր գործողություններում որևէ դավադրություն կամ բացասական նպատակներ չկան: Վրացական «Առաջին ալիքի» փոխանցմամբ՝ Երևանում վրացական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Վրաստանի հետ Հայաստանի հարաբերությունն առանձնահատուկ է և պետք է պաշտպանված լինի աշխարհաքաղաքական ազդեցությունից:
«Կարծում եմ՝ իմ այցը Վրաստան, Սամցխե Ջավախք շատ ջերմ էր: Այդ այցը ցույց է տալիս մեր հարաբերությունների սերտ լինելը: Ես մշտապես ասում էի, նույնիսկ ընդդիմությունում լինելու ժամանակ, որ մեր հարաբերությունը Վրաստանի հետ պետք է լինի յուրահատուկ, և պետք է աշխատենք՝ այս հարաբերությունները աշխարհաքաղաքական ազդեցությունից պաշտպանելու համար: Այսպիսին է իմ կարծիքը մեր երկու հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների մասին: Սա եղել է իմ առաջին միջազգային այցը: Դեռ մեկնեցի Թբիլիսի, իսկ այնուհետև՝ Սամցխե Ջավախք: Կարծում եմ՝ սա եղել է շատ հաջողակ այց: Հույս եմ հայտնում, որ այս այցը մեր հարաբերությունները կդնի նոր հարթակի վրա: Մենք անհամբեր սպասում ենք Վրաստանի նոր վարչապետի այցին: Վստահ եմ, այդ այցը կլինի շատ արդյունավետ և հաջողակ»,- նշել է Հայաստանի վարչապետը:
Նրա խոսքով՝ երկու երկրները կկարողանան առավել հզորացնել հարաբերությունները:
«Ինչ վերաբերում է Սամցխե Ջավախքին. ինչպես գիտեք, այնտեղ ապրում են բազմաթիվ հայեր, և իմ հիմնական ուղերձն այն էր, որ Վրաստանը և Հայաստանը բարեկամներ են, դրացիներ: Մենք եղբայրական ազգեր ենք և չպետք է լինի մեր հարաբերությունները, բարեկամությունը և գործընկերությունը ստվերող որևէ հանգամանք:
Վրաց ժողովուրդը պետք է վստահ լինի, որ Հայաստանի գործողություններում Վրաստանի նկատմամբ որևէ դավադրություն կամ բացասական նպատակ չկա: Իսկ հայ ժողովուրդը պետք է վստահ լինի, որ Վրաստանի կառավարության և վրաց ժողովրդի գործողություններում Հայաստանի դեմ դավադրություն և բացասական ասպեկտ չկա: Կարծում եմ՝ մեր կառավարության կոնկրետ խնդիրն է՝ ապահովել այդ բանաձևի իրականացումը, և կարծում եմ, այդ բանաձևը կլինի մեր լավագույն հարաբերությունների երաշխիքը: Այդպիսով մենք կկարողանանք մեր հարաբերություններն առավել հզորացնել»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: