Աբովյանի «Նարեկ» ծերանոցը կանգնած է ֆինանսական դժվարությունների առաջ: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Ծերանոցի տնօրինությունը ոչ միան ֆինանսական օգնություն է ուզում, այլ ծերերի նպաստների գումարների տրամադրում:
Տնօրինությունը դիմում է կառավարությանը` բացառություն անել եւ նպաստներ տրամադրել ծերերին: Ծերանուցում կան թե՛ առաջին, թե՛ երկրորդ, թե՛ երրորդ կարգի հաշմանդամներ, ովքեր նպաստներ չեն ստանում:
Առողջապահության նախարարությունից ծերանոցի տնօրինությունը պահանջ կամ խնդրանք չունի, քանի որ նրանք անվճար վիրահատությունների եւ այլ բուժօգնության հնարավորություն են տալիս։
«Սաթենիկ» բարեգործական-հասարակական կազմակերպության նախագահ, «Նարեկ» ծերանոցի տնօրեն Շողիկ Միքայելյանը պատմեց, որ 1993-ին նախ ստեղծել են «Սաթենիկը», իսկ 99-ին որոշել են ծերանոց բացել: Քաղաքապետը, սակայն, չի աջակցել իրենց նախաձեռնություններին եւ շենք չի տրամադրել:
Ծերանոցի նախագահ Ֆրիդոն Միքայելյանը նշեց, որ 99-ին, երբ բացել են ծերանոցը, նպատակը շարժումից հետո իրենց լուման ներդնելն է եղել: Բազմաթիվ ՀԿ-ների են դիմել՝ աջակցության խնդրանքով, «Ամքոր» կազմակերպությունն,օրինակ, կաթնամթերքով է ապահովում: «Մենք չենք կարողանում համապատասխան մեկին գտնել՝ մեզ օգնելու համար»,- ասաց նա:
Երեք-չորս հարյուր հազար դրամ ամսական աջակցության դեպքում հնարավոր կլինի աշխատակիցներ պահել։
Արդեն տեւական ժամանակ է՝ Գագիկ Ծառուկյանը չի օգնում, երկու տարի է՝ չի փոխանցում գումար: Պատճառը տնօրինությունը չգիտի, դիմել են Աբովյանի քաղաքապետին, սակայն այդպես էլ պատասխան չեն ստացել։ Ծառուկյանը, սակայն, օգնել է գազամատակարարման հարցը լուծել եւ ջեռուցման համակարգ տեղադրել»,- գրում է «Ժամանակը»