«Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն քաղաքականությունում փորձում է իր առաջին քայլերն անել, եւ արել է առաջին ամենավտանգավոր արտահայտությունները՝ «Մեր դեմ խաղ չկա» եւ «հասարակությունը բաժանված է սեւերի եւ սպիտակների»: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, Երեւանի ավագանու ընտրություններին Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Նաիրա Զոհրաբյանը, մեկնաբանելով Իմ քայլը» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանի խոսքերը, որ «իրենց դեմ խաղ չկա»:
«Այս նախադասությունը լսել ենք դեռ 90-ականներից, իրենից ավելի հզոր եւ ամենակարող համարող գործիչների կողմից, եւ հենց այդ նախադասությունն էր, որ թե երկիրը, թե այդ գործիչներին տարավ ուղղակի կործանման»,- ասաց Զոհրաբյանը:
Զոհրաբյանը բարեկամաբար կոչ արեց Մարությանին զերծ մնալ նման արտահայտություններից. «Ես շատ-շատ բարեկամաբար ցանկանում եմ, որ որեւէ գործիչ, անգամ որեւէ նորելուկը քաղաքականության մեջ, ով ունի նման մեծ ամբիցիաներ եւ հավակնություններ, երբեւէ այլեւս մեր երկրում նման նախադասություն չասի: Խորհուրդս իսկապես բարեկամական է, այլեւս երբեւէ չասել այդ նախադասությունը, այլապես, այն հեղափոխությունը, որը երկրում տեղի ունեցավ, ուղղակի կդառնա անիմաստ, եթե հասարակությունը կիսվի սեւերի եւ սպիտակների»:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում ասել է. «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է. կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են։ Որովհետեւ մենք եւ մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ-որ ամբիցիաներ չունի»:
Մարությանը նաեւ նշել էր, որ իրենք դրամահավաքն անցկացնում են իրենց քաղաքական պայքարը շարունակելու համար, եւ ավագանու ընտրություններին մասնակցող իրենց թիմը ուժեղ է. «Նույնիսկ կարող եմ ասել՝ մեր թիմի դեմը խաղ չկա»