ԲՀԿ-ական մամուլը և ԲՀԿ-ական պատգամավորները արդեն երրորդ շաբաթն է`կորցրել են քուն ու դադար, նրանք ցանկանում են բացահայտել, թե ինչ իրավական հիմքերով է աշխատանքից ազատվել կամ այլ աշխատանքի տեղափոխվել ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմի նախկին ղեկավար Վահե Էլոյանը. գրել է «Հրապարակ»-ը:
«Կառավարության հայտնի նիստերից առաջ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը խոսել է Էլոյանի հետ` նրան առաջարկելով այլ աշխատանք նախարարությունում: Էլոյանը համաձայնել է և նիստից առաջ Վարդանյանին տեղեկացրել, որ ինքը գտնվում է նախարարությունում և սպորտի ու երիտասարդության հարցերի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է գրում: Յուրի Վարդանյանն էլ, հավատալով Էլոյանի բանավոր հավաստիացմանը, վարչապետ Տիգրան Սարգսյանին տեղեկացրել է, որ Էլոյանը ցանկանում է սեփական դիմումի համաձայն այլ աշխատանքի անցնել:
Կառավարության նույն նիստի ժամանակ, երբ քննարկվել է Էլոյանին աշխատանքից ազատելու հարցը, Յուրի Վարդանյանը հայտնել է, որ Էլոյանը շարունակելու է աշխատել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում: Նիստից հետո պարզվել է, որ ոչ միայն Էլոյանը դիմում չի գրել, այլև դիմել է ԲՀԿ-ական մամուլին և պատգամավորներին`իր խախտված իրավունքները պաշտպանելու համար: Թե ինչու է Էլոյանը խաբել նախարար Վարդանյանին, դժվար չէ կռահել: Նրան ուղղակի ասել են, որ պետք է այդպես վարվել»,-գրել է թերթը: