Երևանի ավագանու ընտրությանը սպիտակ և սև ուժերի մասին Հայկ Մարությանի հայտարարությունը, որը Երևանի քաղաքապետի ՔՊ թեկնածուն է, այսինքն՝ իշխանության թեկնածուն, անկասկած բավականին անհաջող և քաղաքական տեքստի տեսանկյունից, մեղմ ասած, անհաջող, անհամարժեք և անարդյունավետ հայտարարություն էր: Այս ամենի վերաբերյալ հնչել են ամենատարբեր կարծիքներ ու գնահատականներ, և այստեղ ավելացնելու թերևս ոչինչ չկա:

Խնդիրը, սակայն, այն է, որ ՔՊ թեկնածուն կամա, թե ակամա, բայց խորքային առումով արձանագրել է մի իրողություն, որը Հայաստանում ձևավորվում է կամ այդպիսի միտում ունի՝ ուզենք, թե ոչ: Եվ այդ միտումն առաջացել է Ռոբերտ Քոչարյանի քաղաքականություն վերադարձով, որն իր դիրքավորումով փաստացի ստեղծել է սև-սպիտակի նախադրյալը: Համենայնդեպս, ակնհայտ է, որ մտնելով ակտիվ քաղաքականություն՝ Քոչարյանն, ըստ էության, կլանել է ներքաղաքական գործընթացների «այլընտրանքային» սցենարները՝ համենայնդեպս ստեղծելով մի վիճակ, երբ որևէ գույնի հավակնող քաղաքական ուժերը այլևս պետք է «համեմատվեն» Քոչարյանի գույնի հետ, ոչ թե Նիկոլ Փաշինյանի:

Սա օբյեկտիվ իրավիճակ է, որն անկախ ՔՊ թեկնածուի հայտարարությունից, գոյություն ունի, և գործնականում քաղաքական ուժերի մեծամասնությունը թերևս իր համար արձանագրել է այդ վիճակն ու դրանից բխող քաղաքական ռիսկերն ու մարտահրավերները: Այլ կերպ ասած՝ Մարությանն, ըստ էության, գուցե անխոհեմաբար, գուցե անփորձությունից ելնելով, իր միավորների հաշվին իհարկե, բայց բարձրաձայնել է դառը ճշմարտությունը կամ ձևավորվող դառը ճշմարտությունը: Այդ տեսանկյունից, ասել է որևէ մեկը սև-սպիտակի մասին, թե ոչ՝ իրերի դրությունը սկզբունքորեն չի փոխում, և տվյալ պարագայում քաղաքապետի թեկնածուն ոչ թե ինչ-որ նոր սցենար կամ հեռանկար է ազդարարել, այլ ազդարարել է ձևավորվող իրականությունը:

Ըստ այդմ՝ ակնհայտ է, որ Հայկ Մարությանի հռետորաբանության, տեքստի հանդեպ, անշուշտ, զգալիորեն արդարացված վրդովմունքից բացի, որը սակայն արդարացված չի կարող լինել Ռոբերտ Քոչարյանի քաղաքական դիրքավորումը ողջունած ուժերի դեպքում, բուն խնդիրն այն է, թե ինչպես թույլ չտալ սև-սպիտակացում: Եվ ակնհայտ է, որ դա թույլ չտալու հարցի լուծումը Հայկ Մարությանին դատապարտելը չէ, որովհետև պատճառը նա չէ, պատճառն այլ տեղ է:

Եվ այն չի հաղթահարվելու հանդուրժողության, սիրո և համերաշխության կոչերով: Այն պահանջելու է կոնկրետ քաղաքական բովանդակություն բոլոր այն ուժերից, որոնց մրցակցային հնարավորությունները, ըստ էության, «յուրացրել» է Ռոբերտ Քոչարյանն իր դիրքավորումով: Նոր իշխանությունն, անշուշտ, պետք է անի քայլեր, սև-սպիտակ իրավիճակի խորացում թույլ չտալու համար, թեև, իհարկե, այստեղ ակնառու է նաև, որ վերահսկելի, չափավորված, կառավարելի խորացումը բխում է այդ իշխանության քաղաքական շահից և մարտավարական անհրաժեշտություններից: Սակայն նաև հենց այդ հանգամանքն է, որ խնդրի խորացում թույլ չտալը դարձնում է ոչ միայն նոր իշխանության, այլ նաև ամբողջ քաղաքական ներկապնակի գործը, որն ամենևին արված համարվել չի կարելի լոկ սև-սպիտակի մասին հայտարարությունները լռեցնելու հանգամանքով: Գունավոր քաղաքական ներկապնակը ձևավորվելու է ոչ թե սև ու սպիտակի մասին լռելով, այլ հնարավորինս նոր և վառ գույները բարձրաձայնելով:

 Նյութի աղբյուրը` 1in.am