Երեւանի ավագանու ընտրություններում «Լույս» դաշինքի ընտրական ցուցակի անդամ Անահիտ Բախշյանը շատերին՝ այդ թվում Հայկ Մարությանին խորհուրդ է տալիս կարդալ Նիկոլ Փաշինյանի՝ «Երկրի հակառակ կողմը» գրքի «Հեղափոխականի մահը» գլուխը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Բախշյանը՝ անդրադառնալով Երեւանի քաղաքապետի «Իմ քայլը» դաշինքի կողմից քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի՝ սեւերի եւ սպիտակների վերաբերյալ հայտարարությանը:
«Շատ լուրջ բանաձեւեր կան այնտեղ, թող բոլորը կարդան եւ ունենան Նիկոլ Փաշինյանի՝ երեւույթները տեսնելու խորությունը»,-ասաց նա՝ նշելով, որ Մարությանի հայտարարությունը քաղաքական փորձի պակասի արդյունք էր:
Նա միաժամանակ նկատեց, որ նախընտրական շրջանում նման վրիպումներն անխուսափելի են:
Խոսելով Երեւանի ավագանու ընտրություններում ներկայացվելիք նախընտրական ծրագրերի մասին, Բախշյանը նշեց, որ կարեւոր է, որպեսզի ծրագրերը լինեն իրատեսական:
«Անգամ նախկինում ՀՀԿ-ի ծրագրում կային կետեր, որոնք իրականացվել են, եւ մենք չենք կարող դա ուրանալ: Պետք է ազնիվ լինենք եւ արձանագրենք, որ ՀՀԿ-ի 100 կետանոց ծրագրից 5-10 կետն իրագործել են: Սակայն մենք համամիտ չենք Երեւան քաղաքի բյուջեի ծախսման այն արատավոր համակարգին, որ եղել է»,-ասաց նա՝ նշելով, որ հնարավոր է բյուջեն խելամիտ տնօրինել:
«Երեւանի ավագանու ընտրությունները քննություն են մեր հասարակության համար: Բոլոր կուսակցությունները եւ դաշինքները պետք է պատվով անցնեն այդ ստուգարքը, որպեսզի աշխարհին ցույց տան, որ մենք կարող ենք արդար ընտրություններ կատարել»,-նշեց բանախոսը: