Կարծում եմ, որ թյուրըմբռնում կա գուցե, Հայկ Մարությանն էլ ընդունել է, որ իր ձեւակերպումներն այդքան էլ ճշգրիտ չեն եղել: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 4-ին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողի հարցին, թե արդոք Մարությանը հայտարարությունը նման չէր երրորդ նախագահի հայտարարությանը «ինչքան ուզենք, այդքան կփպենք» եւ որքանով է ճիշտ բաժանել հասարակությունը սեւերի ու սպիտակների:
«Ես կարծում եմ, որ ցանկացած մեր հայտարարություն եւ ցանկացած քաղաքական հայտարարություն Հայաստանում պետք է տեղավորվի սիրո եւ համերաշխության հեղափոխության տրամաբանության մեջ: Կարծում եմ, որ մենք ավելի վառ գույների մասին պետք է խոսենք, քան սեւն ու սպիտակը»,- ասաց Փաշինյանը:
Երեւանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքից Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում ասել է. «Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է. կան սպիտակ ուժեր եւ կան սեւ ուժեր, վերջ։ Ես ուզում եմ պաշտոնական հայտարարել, չնայած գիտեք, բայց պետք է ասեմ, այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք հաջողություն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են։ Որովհետեւ մենք եւ մեր հաջողությունը Հայաստանի հաջողությունն է։ Ոչ ոք մեզանից անձնական շահեր, անձնական ինչ-որ ամբիցիաներ չունի»:
Մարությանը նաեւ նշել էր, որ իրենք դրամահավաքն անցկացնում են իրենց քաղաքական պայքարը շարունակելու համար, եւ ավագանու ընտրություններին մասնակցող իրենց թիմը ուժեղ է. «Նույնիսկ կարող եմ ասել՝ մեր թիմի դեմը խաղ չկա»: