Նոր Հաճն քաղաքի բնակչուհի Ե.Կարախանովային մեղադրանք է առաջադրվել հափշտակության համար: Այս մասին տեղեկացնում է «Ժողովուրդ» թերթը:

Թերթի տեղեկացմամբ` մասնավորապես, ըստ մեղադրանքի, 2012թ. օգոստոսի սկզբին նախնական հանցավոր համաձայնության գալով Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղի բնակիչ Վ.Սարգսյանի հետ, Ե.Կարախանովան խաբեությամբ, վստահությունը չարաշահելու միջոցով մի քանի անձանցից գումարներ է հափշտակել:

Կարախանովան Վ.Սարգսյանի հետ Իջևանի թվով չորս բնակիչներից, ինչպես նաև Կայան ավանի մի բնակչից հափշտակել է գումարներ` առաջին չորս անձանց պարագայում վերավաճառելով նրանցից վերցված ոսկե զարդերը:

Դատաքննության ընթացքում Ե.Կարախանովան իրեն մեղավոր չի ճանաչել:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը հունիսի 11-ի դատավճռով Ե.Կարախանովային մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և դատապարտել ազատազրկման` 3 տարի ժամկետով: