Մեդիամաքս գործակալությունը սեպտեմբերի 13-ի առավոտյան հրապարակել է Ռոբերտ Քոչարյանի հետ հարցազրույց, որի առնչությամբ սակայն տեղեկացրել է, որ հարցազրույցն արվել է սեպտեմբերի 11-ի առավոտյան, երբ դեռ հանրությանը հասանելի չէր դարձել ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի խոսակցության հայտնի գաղտնալսումը:
Այդ դիտարկումն ու Քոչարյանի հարցազրույցի բովանդակությունն ուշագրավ են: Պետք է նկատել, որ Մեդիամաքսին տված հարցազրույցը երկրորդ նախագահի այսպես ասած քաղաքականություն մտնելուց հետո տված մի շարք հարցազրույցներից ամենահետաքրքիրն է, որ պարունակում է բավական ուշագրավ շերտեր թե ներկայի, թե անցյալի առնչությամբ:
Դրանք ունեն թերեւս առանձին անդրադարձի անհրաժեշտություն: Ինքնին հետաքրքիր է այն, որ Մեդիամաքսին տված հարցազրույցից մեկ օր անց Ռոբերտ Քոչարյանը տվել է նոր հարցազրույց, այս անգամ տեսահարցազրույց՝ «Երեւան թըդեյ» կայքին, սեպտեմբերի 12-ին:
Համադրելով այդ հարցազրույցը Մեդիամաքսին տված հարցազրույցի հետ՝ հնարավոր է գալ եզրահանգման, որ Ռոբերտ Քոչարյանի այդ հարցազրույցը եղել է արտահերթ, արտակարգ, շտապ հարցազրույց: Հակառակ պարագայում երկրորդ նախագահը թերեւս չէր խախտի իր այսպես ասած վերադարձից հետո հարցազրույցների «բաշխվածության» մարտավարությունը, հարցազրույց տալով սեպտեմբերի 11-ին ու 12-ին:
11-ի հարցազրույցը Մեդիամաքսին բավական հանգիստ է, որտեղ ակնառու է այն, որ Ռոբերտ Քոչարյանը փորձում է «իրերը դասավորել դարակներում», ընդ որում սկսած թե նախորդ տասնամյակից, թե նույնիսկ դրանից առաջ, իր գործնական ու անձնական հարաբերությունների համատեքստով, ընդհուպ Պուտին: Ակնառու է, որ Քոչարյանը փորձում է ներկայանալ «կառուցողականության» շրջանակում, դրսեւորելով երկար խաղի իր մարտավարությունը:
Դա էլ իր հերթին անկասկած այն գիտակցումն է, որ հրապարակային քաղաքական դաշտը նրա համար մի իրավիճակ է, որում ոչ միայն չի եղել երբեք, այլ գործնականում չի եղել՝ շատ լավ գիտակցելով այդ դաշտում իր խնդիրները, իր «գենետիկ անհամատեղելիությունը» այդ դաշտի հետ: Դրա մասին են խոսում հարցազրույցի ընթացքում իր նկարագրի, դրա վերաբերյալ հանրային պատկերացումների առնչությամբ Ռոբերտ Քոչարյանի նուրբ ակնարկները:
Թեեւ հարցազրույցի ընթացքում երկրորդ նախագահը ասում է, որ քաղաքականություն վերադառնալու էր անգամ իրեն մեղադրանք չներկայացնելու դեպքում, մտահոգ լինելով երկրի ճակատագրով, այդուհանդերձ ամբողջ տոնայնությունն ու տողատակը խոշոր հաշվով քաղաքականություն ստիպված վերադառնալու հանգամանքից նրա բողոքն է:
Եվ դա էլ ավելի է ընդգծում հենց հաջորդ օրը տված արդեն նյարդային հարցազրույցը, երբ եղել էր գաղտնալսման տարածումը, ու նաեւ Նիկոլ Փաշինյանի ու իշխանության արձագանքը դրան: Նախորդ օրը Մեդիամաքսին հարցազրույցով ամեն ինչ իր դարակներում դասավորել փորձող Ռոբերտ Քոչարյանն ընդամենը մեկ օր անց գործնականում «շուռ տվեց» դարակներում դասավորածը, բացելով խաղաքարտերը եւ անելով ինքնապաշտպանական մի քանի հնարք, որոնք իրականում ավելի շուտ աշխատեցին հենց նրա դեմ, ընդհուպ Իլհամ Ալիեւի տեսքով:
Ի՞նչ է կատարվել երկրորդ նախագահի համար, որ նա ստիպված էր այդքան արագորեն ստվերել իր թերեւս ամենահաջողված հարցազրույցը, որ տվել է Մեդիամաքսին, այն էլ ստվերել դեռ չհրապարակած: Ինչն է մղել երկրորդ նախագահին շտապ հարցազրույցի, ի՞նչն է եղել նրա համար անսպասելի՝ գաղտնալսման հրապարակումը ինքնի՞ն, թե՞ դրան հաջորդած իշխանության արձագանքը եւ բումերանգի էֆեկտը:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am