Սեպտեմբերի 13-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական, քաղաքացիական եւ վարչական պալատների դատավորներին ներկայացրեց Վճռաբեկ դատարանի նորընտիր նախագահ Երվանդ Խունդկարյանին:
ԲԴԽ նախագահը, շնորհավորելով Երվանդ Խունդկարյանին, կարեւորեց Վճռաբեկ դատարանի դերն ու դերակատարությունը սահմանադրական առաքելությամբ արդարադատություն իրականացնելիս: «Մենք պետք է կարողանանք ստեղծել արդարադատական նոր մշակույթ: Վստահ եմ, որ այս մեկնակետից ենք սկսում մեր առջեւ դրված խնդիրների լուծումը եւ դրան կարող ենք հասնել ձեր կողմից ընդունած դատական ակտերի, որոշումների նոր որակի ապահովման միջոցով»:
Գ. Հարությունյանն անդրադարձավ նաեւ Հայաստանում արդարադատության արդյունավետության ու դատարանների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման հայեցակարգային մոտեցումներին՝ հույս հայտնելով, որ Վճռաբեկ դատարանը եւ նրա նորընտիր նախագահը հետեւողական կլինեն դրանք կյանքի կոչելու հարցերում:
Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանն իր հերթին շնորհակալաություն հայտնեց Բարձրագույն դատական խորհրդին, Օրենսդիր մարմնին իրեն վերապահված վստահության համար:
Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Բարձրագույն դատական խորհրդի անդամներ Հայկ Հովհաննիսյանը եւ Սերգեյ Մեղրյանը:
Բարձրագույն դատական խորհուրդը Ազգային ժողովին էր ներկայացրել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը: ԱԺ 105 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 85-ը, 1 քվեաթերթիկ համարվել է անվավեր, 74-ը կողմ է քվեարկել, 10-ը՝ դեմ: