Ադրբեջանը վերջին օրերին ինտենսիվացրել է Հայաստանի Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծությունը: Հայ-ադրբեջանական սահմանը նաեւ ՀԱՊԿ պատասխանատվության գոտի է, եւ ուշագրավ է, որ այս ինտենսիվացումը համընկավ ՀԱՊԿ ուղղությամբ բուռն զարգացումների հետ:
Ադրբեջանը Յուրի Խաչատուրովի հետ կապված պատմությունն ակնհայտորեն փորձում էր օգտագործել Ռուսաստանին կրկին իր «իրավունքների դաշտ» բերելու եւ երաշխիքներ ապահովելու համար: Բաքվում շրջանառության մեջ դրվեց նույնիսկ ՀԱՊԿ-ին անդամակցելու թեման:
Ընդհանրապես, Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները Ադրբեջանում հույսեր արթնացրին, որ կարելի է օգտագործել Ռուսաստանի հնարավոր դժգոհությունն այդ իրադարձություններից եւ վերականգնել հարաբերությունների նախաապրիլյան տրամաբանությունը, որի էությունը Ռուսաստանի երաշխիքներով Հայաստանի ու Արցախի դեմ ագրեսիան էր՝ Ադրբեջանի իրավունքների շրջանակում: Բայց Պուտին-Ալիեւ հանդիպումը ցույց տվեց, որ ռուսները համենայնդեպս այս փուլում մտադիր չեն Հայաստանի հետ հարաբերություններում օգտվել Ադրբեջանի ծառայությունից եւ կրկին մտնել նույն գետը, որն իրենց կանգնեցրեց փակուղու առջեւ, եւ որը շարունակվում է մինչ այժմ:
Ավելին, Հայաստանի նոր իշխանության հստակ դիրքորոշումը Արցախի եւ ռեգիոնալ հարաբերությունների հարցերում, ինչպես նաեւ Հայաստանում Մոսկվայի վասալային ռեժիմի ապամոնտաժումը Ադրբեջանին զրկել են մանեւրի հնարավորությունից եւ նեղացրել ռազմա-քաղաքական հնարավորությունների շրջանակը:
Ադրբեջանը չստացավ այն քաղաքական պայմանները, որի մասին հայտարարում էր այդ երկրի պաշտպանության նախարարը՝ ռազմական ճանապարհով Արցախի խնդիրը լուծելու համար: Այսինքն, ոչ ոք չցանկացավ ստանձնել ռազմական ագրեսիայի հովանավորությունն ու երաշխիքները:
Ահա այս իրավիճակում Ադրբեջանը վերսկսել է գնդակոծել ՀԱՊԿ «պատասխանատվության գոտին»: Միեւնույն ժամանակ, Ադրբեջանը հայտարարել է լայնածավալ զորավարժության մասին, որի սցենարում առաջին անգամ նշված է հակառակորդը՝ Հայաստան:
Նախորդ լայնածավալ զորավարժությունը, որի ժամանակ հայտարարվեց Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի «քաղաքական պայմանների մասին», կիսատ մնաց Ադրբեջանում տեխնածին աղետի հետեւանքով: Հայկական կողմը գիտե, թե ինչ է պետք անել, եւ դատելով նոր ռազմա-քաղաքական ղեկավարության հայտարարություններից ու տրամադրվածությունից՝ ագրեսիայի փորձի դեպքում հետեւանքները չափազանց ծանր են լինելու Ադրբեջանի համար: