Մադրիդի «Աթլետիկոյի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանն իրեն համեմատել է Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի եւ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հետ:
«Կարծում եմ՝ հիմա ես Ռոնալդուի եւ Մեսիի հետ նույն սեղանի շուրջ եմ նստած: Գիտեմ, որ անպայման կմիանան մեզ նաեւ այլ խաղացողներ: Ես ցանկանում եմ առաջադիմել եւ տիտղոսներ նվաճել: Ֆուտբոլ նայել կարելի է տարբեր դիտանկյուններից, եւ ակնհայտ է, որ ես տարբերվում եմ Ռոնալդուից, Մեսիից, Նեյմարից կամ Կիլիան Մբապեից: Ես ամենաբարձր մակարդակի վրա եմ, բայց կարող եմ ավելի առաջ գնալ: Ես ձգտում եմ լինել առավելագույն բազմակողմանի: Ես ամեն մրցաշրջանում 50 գոլ չեմ խփի, բայց ձգտում եմ օգտակար լինել հարձակման գծում եւ աշխատել թիմային հաջողության համար»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ «Աթլետիկոն» տարօրինակ էր համարել Անտուան Գրիզմանին ՖԻՖԱ-ի վարկածով, աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների եզրափակիչում չընդգրկելը: Մրցանակին հավակնում են Ռոնալդուն, «Ռեալի» եւ աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը եւ անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը: