Այն բանից հետո, երբ Պուտինը հերթական սեպարատ գործարքի գնաց Էրդողանի հետ՝ Թուրքիային հանձնելով Սիրիայի Իդլիբ նահանգը եւ հերթական անգամ թիկունքից հարվածելով իր «դաշնակիցներին»՝ Սիրիային ու Իրանին, Սիրիայում խոցվեց ռուսական հետախուզական օդանավը:
Օդանավը խոցել է Սիրիայի ՀՕՊ-ը, որն, ի դեպ, «աշխատեցնում» են ռուս մասնագետները: Մոսկվան մեղադրում է Իսրայելին, ըստ որի՝ իսրայելական օդանավերը «թաքնվել» են ռադարներից եւ հարվածի տակ դրել ռուսական օդանավը: Մոսկվան նույնիսկ սպառնացել է պատասխան գործողություններով:
Թե Իսրայելը, թե Թուրքիան Սիրիայում գործում են Ռուսաստանի հետ համաձայնեցված, ինչպես Էրդողանն է ասել՝ իրենք ոչ մի կրակոց չեն արձակել առանց Ռուսաստանի իմացության:
Սիրիայում Ռուսաստանն իրեն պահում է նույն կերպ, ինչպես 1920-ականներին՝ Հայաստանի հանդեպ: Թուրքիան Ռուսաստանի համաձայնությամբ արդեն տիրացել է Սիրիայի տարածքների մի մասին եւ այդտեղից դժվար թե դուրս գա:
Իսկ ինչ է սպասվում Ռուսաստանին Սիրիայում: Իսկ ինչ կարող է սպասվել մի երկրի, որը չգիտե ինչ անել, որը պարբերաբար հանձնում է իր «դաշնակիցներին» եւ սովոր է նրանց հաշվին ծառայություն մատուցել ուրիշներին: Ինչ կարող է սպասվել մի երկրի, որը վեր է ածվել Թուրքիայի ծրագրերի սպասարկուի: Թուրքիան ինչպես 100 տարի առաջ, ռուսներից կպոկի որքան հնարավոր է, առանց որեւէ հատուցման: Ընդ որում, հին մեթոդով՝ ռուսներին համոզելով, որ հակաարեւմտյան է:
Ո՞րն է լինելու Ռուսաստանի նոր նվերը Թուրքիային, նրա պահանջով:
Հայաստանում վերջին իրադարձություններից հետո Ռուսաստանը նկատելի շփոթվածության մեջ է, իսկ փորձագիտական մակարդակում նոր բան չեն մտածել, քան հայերին հիշեցնել, որ առանց Ռուսաստանի լուրջ խնդիրներ կունենան Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերություններում: Բայց հայերն արդեն լավ են հասկացել «դաշնակցին» ու գիտեն ինչ անել շանտաժի ու սպառնալիքների դեպքում:
Նյութի աղբյուրը՝ Lragir.am