Երեւանում մեկնարկել է ավագանու ընտրությունը: 23 տարի անց տեղի է ունենում առաջին ընտրությունը, երբ չեն գործելու տասնամյակների ընթացքում ձեւավորված մեխանիզմները՝ ընտրակաշառք, կուտակումներ, քրեական խաժամուժի ակտիվ դերակատարություն եւ այլն: 23 տարի անց սա առաջին ընտրությունն է, երբ արդյունքները ստացվելու են ոչ թե իշխանության ու քաղաքական ուժերի պայմանավորվածություններով, այլ ընտրողների քվեներով:
Երեւանի ավագանու ընտրարշավն անցավ այս իրողության պայմաններում, եւ ինչպես հայտարարում էին մասնակից քաղաքական ուժերի ներկայացուցիչները, այն «քաղաքականացված» էր: Մի կողմ թողնենք այն, թե ինչպես կարող է քաղաքական չլինել որեւէ ընտրություն, սակայն նրանք երեւի ցանկանում էին նշել, որ ընտրարշավը չանցավ զուտ երեւանյան քաղաքային խնդիրների շուրջ բանավեճերով ու մրցակցությամբ:
Դա իհարկե օրինաչափ էր, քանի որ այս ընտրությունը, լինելով առաջին ազատ ընտրությունը 23 տարի անց, ավելին է, քան պարզապես քաղաքային իշխանության ձեւավորումը, նկատի առնելով հեղափոխության արդյունքում Հայաստանում ձեւավորված իրավիճակը:
Նոր իշխանությունը բացահայտ հայտարարում էր, որ սա Երեւանի ընտրությունը ԱԺ արտահերթ ընտրության «բանալին» է, եւ իր ընտրարշավն էլ անցկացրեց այս տրամաբանությամբ: Մյուս քաղաքական ուժերը չկարողացան հակադրել որեւէ այլ գաղափար, իսկ շատերն էլ պարզապես կուլ տվեցին «սեւի ու սպիտակի» խայծը եւ հայտնվեցին բավական բարդ իրավիճակում:
Ընդհանրապես, այս ուժերի, հատկապես ԲՀԿ-ի համար նոր իրավիճակն անսովոր էր: Զուր չէ, որ ամենամեծ աղմուկն առաջացավ այս կուսակցության շուրջ, որն իր ընտրարշավը նվիրեց սեւ-սպիտակին ու ֆեյքերին, ակամա իրեն նույնացնելով սեւերի հետ: Այսինքն, իշխանության տեխնոլոգիան աշխատեց անթերի:
Եթե քաղաքական ուժերի առումով պատկերը պարզ է, ամենահետաքրքիրը պարզվելու է վաղը, երբ արդեն լինեն ընտրության նախնական արդյունքները: Հետաքրքիր այն առումով, թե ինչ ազդեցություն է ունեցել ընտրարշավը, մասնավորապես «սեւ-սպիտակի» սխեման հանրության տարբեր շրջանակների վրա, եւ ինչ քաղաքական կոնֆիգուրացիա է ձեւավորվելու քվեարկության արդյունքում:
Մինչ այդ, ընտրատեղամասերից ստացվող տեղեկություններով, մարդիկ բավական ակտիվ են, շատերը նշում են, որ նախկինում չէին մասնակցում ընտրություններին, քանի որ իմաստ չուներ, իրենց քվեն ոչինչ չէր որոշում: Սա այս ընտրության առաջին ու ամենակարեւոր արդյունքն է՝ քաղաքացիների վստահությունն ու քվեի արժեւորումը, որը կարող է Հայաստանում ի վերջո հաստատել իշխանության ձեւավորման սահմանադրական մեխանիզմները: