«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները, երբ «Իմ քայլը» դաշինքը ստացավ 81 տոկոս քվե, ստիպեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին խոսել ԱԺ-ն ցրելու և արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:
Ինչպես հայտնի է, նա ԱՄՆ այցի ժամանակ ասել է` Երևան վերադառնալուն պես բանակցությունների կհրավիրի բոլոր խորհրդարանական ուժերին, այդ թվում՝ ոչ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներին նրանց հետ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու ժամանակը և պայմանները:
ՀՀԿ-ականներն, իհարկե, կփորձեն դիմադրել, նույնիսկ երեկ այդ մասին որոշակի ակնարկներ էին հնչեցնում, սակայն ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, չի բացառվում, որ առաջիկայում, երբ Փաշինյանը ձեռնամուխ լինի արտահերթ ընտրությունների անցկացման, այդ քայլին գնա հասարակական ճնշման ներքո:
Մասնավորապես, հավանական է, որ բանը հասնի ԱԺ-ն մեկ-երկու շաբաթով շրջափակելուն և այդպես խորհրդարանի վրա հասարակական ճնշում գործադրելուն: Ի դեպ, այս պրակտիկան եղել է նաև Ղարաբաղյան շարժման օրերին, հատկապես 89-90 թվականներին, երբ մարդիկ օրերով շրջափակում էին Գերագույն խորհրդի շենքը` ստիպելով քննարկել համապատասխան հարցեր»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: