Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները ակնկալում են, որ երկու երկրների ընկերությունները Կասպյան տարածաշրջանում ակտիվորեն կիրականացնեն հեռանկարային ծրագրեր, այդ թվում նավթի եւ գազի արդյունահանման ոլորտում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մենք ակնկալում ենք, որ ռուսական եւ ադրբեջանական ընկերությունները ակտիվորեն կզբաղվեն Կասպյան տարածաշրջանում հեռանկարային ծրագրերի իրականացմամբ: Նախեւառաջ, տրանսպորտի, բեռնափոխադրումների, նավթի եւ գազի արտադրության, էկոլոգիայի եւ, բնականաբար, բիոռեսուրսների ոլորտներում», - Բաքվի միջտարածաշրջանային ռուս-ադրբեջանական 9-րդ համաժողովում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Պուտինը հիշեցրել է, որ ռուսական էներգետիկ ընկերությունները հաջողությամբ աշխատում են ադրբեջանական շուկայում: Մասնավորապես, պետության ղեկավարը նշել է «Ռոսնեֆտ»-ի աշխատանքը Ադրբեջանի պետական կորպորացիայի հետ համատեղ, որը շուտով կսկսի նավթագազային հանքավայրի յուրացումը եւ հետախուզումը:
««ԼՈՒԿՈՅԼ»-ը մոտ 4 մլրդ դոլար է ներդրել Ադրբեջանում էներգետիկ նախագծերում, իսկ «Տրանսնեֆտը»՝ նավթի փոխադրման մենաշնորհի մեր առաջատարը, ապահովում է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով արտահանվող ադրբեջանական նավթի հուսալի տարանցումը»,-ասել է Պուտինը: