ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը բացասական է գնահատել «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հայտարարությունն այն մասին, որ հնարավոր է կրկին մարդկանց փողոց դուրս բերել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար։
«Ես բացասական եմ գնահատում այդ հայտարարությունը։ Մենք արդեն անցել ենք այդ փուլով եւ պետք է գնանք ժողովրդավարական ճանապարհով, այսինքն՝ քաղաքական ուժերի կոնսենսուսի ճանապարհով»,–նշեց Բաբլոյանը։ «Հայաստանն իր դեմքը ցույց է տվել աշխարհին, նա զարմացրել է աշխարհին իր հանդուրժողականությամբ եւ ժողովրդավարական փոփոխություններին հանձնառությամբ, եւ մենք չպետք է հրաժարվենք դրանից»,–շեշտեց նա։
Անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ Բաբլոյանը հայտարարեց, որ այդ հարցում ինքը հավատարիմ է ծրագրային գործունեությանը. «Ներկայումս աշխատանքային խումբը աշխատում է ԸՕ փոփոխությունների շուրջ։ Դրանք պետք է քննարկվեն հանրության եւ մյուս քաղաքական կուսակցությունների հետ։ Միայն դրանից հետո մենք կարող ենք ընտրությունների անցկացման ժամկետներ որոշել»,–նշել է Աժ նախագահը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին, որ պետք է սահմանադրական փոփոխություն անցկացնել, Բաբլոյանը շեշտեց, որ հստակ առաջարկներ դեռեւս չկան։ «Եթե հստակ առաջարկներ լինեն անհրաժեշտ փոփոխությունների շուրջ, ապա այն եւս կքննարկենք»,–եզրափակեց նա։